«The National Interest». ԱՄՆ-ն պետք է դադարի անտեսել ղարաբաղյան հակամարտությունը

NEWS.amը զգալիկրճատումներովընթերցողիուշադրությանն էներկայացնումամերիկյան «The National Interest»ումհրապարակված ԷվանԳոտտեսմանի հոդվածը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 13-ին Բաքվում հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին: Օրակարգում Լեռնային Ղարաբաղի՝ շուրջ մեկ քառորդ դար ձգվող հակամարտության կարգավորումն է… Քիչ հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպումը որեւէ առաջընթացի կհանգեցնի: Մինսկի խումբը տառապում է Արեւմուտքի անուշադրությունից եւ Կրեմլի ինտրիգներից:

Ամերիկայի հետաքրքրության պակասը կարող է թանկ արժենալ ե՛ւ Միացյալ Նահանգների, ե՛ւ Եվրոպայի համար: ԱՄՆ-ի համար հակամարտության կարգավորումը երկու առանցքային առավելություն ունի. եվրոպական դաշնակիցների էներգետիկ անվտանգության բարձրացում եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի մասնակցությամբ հակամարտության առաջացման վտանգի նվազում:

2010 թվականին Ալիեւն ու Սարգսյանը բանավոր պայմանավորվեցին հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական ծրագրի՝ Մադրիդյան սկզբունքների որոշ տարրերի շուրջ: Այդ պատճառով առաջին հայացքից տարօրինակ է թվում վերջին տարիներին առաջընթացի բացակայությունը: Բայց Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի առավել մանրամասն ուսումնասիրությունն այլ բան է մատնանշում: Մոսկվա, իբր բանակցությունների միջոցով խաղաղության ձգտելով, անվերջանալի վեճից օգուտ է ստանում:

Ի վերջո, Ադրբեջանը կարող է որոշել, որ պետք է ռիսկի դիմել՝ Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու համար: Եթե Ռուսաստանը մարտի բռնվի, անկասկած, դա կհանգեցնի Բաքվի աղետալի պարտությանը: Ամեն դեպքում, Մոսկվան կարող է մի կողմ քաշվել այն հիմքով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված մաս չէ եւ, հետեւաբար, չի պաշտպանվում ՀԱՊԿ-ի կողմից:

Պարզ է մեկ բան. Ռուսաստանը դժվար թե բարեխղճորեն միջնորդական առաքելություն իրականացնի, քանի դեռ կարող է վերահսկել ղարաբաղյան խնդրում նախաձեռնողականությունը եւ օգուտ ստանալ հակամարտության շարունակումից: Մոսկվայի համար Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքից ստացվող եկամուտները, Հարավային Կովկասում քաղաքական լծակները եւ ռուսական էներգետիկ շահերն ավելի կարեւոր են, քան հակամարտության կարգավորումը: Դա ոչ մի լավ բան չի խոստանում Միացյալ Նահանգներին կամ եվրոպական դաշնակիցներին:

Բացի եվրոպական էներգետիկ անվտանգությանն ուղղված սպառնալիքներից, Հարավային Կովկասում եւս մեկ պատերազմ կարող է ներգրավել տարածաշրջանի այլ գերտերությունների, օրինակ՝ Թուրքիային: Իր ներգրավման դեպքում Անկարան կարող է պատճառ գտնել՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ՝ փոխադարձ պաշտպանության մասին հոդվածին հղում կատարելու համար: Այդ դեպքում ԱՄՆ-ն եւ Դաշինքի անդամ մյուս պետությունները կներգրավվեն հակամարտության մեջ հենց Ռուսաստանի անմիջական սահմանին, ինչը, անկասկած, կթունավորի Մոսկվայի եւ Արեւմուտքի՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:

Խաղաղության համար շրջանակներ արդեն գոյություն ունեն: Չնայած դժվարություններ կառաջանան՝ Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով հետեւեողական բանակցային գործընթաց վարելու պարտավորություն ստանձնի: Պատերազմի վերսկսումը բացասական հետեւանքներ կունենա Հարավային Կովկասի սահմաններից շատ հեռու: Հայաստանին եւ Ադրբեջանին գործընկեր-միջնորդ է անհրաժեշտ, որի համար շահեկան է տարածաշրջանում խաղաղության հաստատումը, այլ ոչ թե հավերժ հակամարտությունը:

Scroll Up