Ուորլիքը Բաքվում ԼՂ խնդրով քննարկումներ կունենա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր՝ հունիսի 12-ին, Բաքվում կմասնակցի Եվրոպական խաղերի բացման արարողությանը եւ քննարկումներ կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այդ մասին ըստ News.am-ի՝ նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Անհամբեր սպասում եմ այսօր Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով քննարկումներին»,- գրել է Ուորլիքը:

Ավելի վաղ Ուորլիքը նշել էր, որ ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին:

Ուորլիքը նաեւ շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կատարած իր այցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կայացած հանդիպումների համար:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները կժամանեն Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացմանը:

Scroll Up