Արամ Ա կաթողիկոսը Կանադայում այցելել է ՀՀ դեսպանատուն

Կանադա կատարած կարճատև այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն իրեն ուղեկցող խմբի հետ այցելել է Հայաստանի դեսպանատուն, որտեղ նրանց ընդունել են դեսպան Արմեն Եգանյանը և դեսպանատան աշխատակազմը:
Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրել է դեսպանատան աշխատանքների մասին` թե քաղաքական և թե մշակութային մակարդակներում: Վեհափառ Հայրապետն իր հերթին շեշտել է հայ ու կանադացի ժողովուրդների բարեկամության կարևորությունը, ինչպես նաև գնահատել է դեսպանի ու դեսպանատան աշխատակազմի գործունեությունը` հայ ժողովրդին Կանադայի հանրությանը ծանոթացնելու հարցում: Ապա, Նորին Սրբությունն այցելել է Կանադայում Լիբանանի դեսպանատուն, որտեղ դիմավորել են դեսպան Սամի Հադդադին և աշխատակազմը:
Դեսպանը ողջունել է Վեհափառ Հայրապետին և իր երախտագիտությունն է հայտնել, որ հակառակ իր կարճատև այցելության, ժամանակ է տրամադրել այցելելու դեսպանատուն: Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել դեսպանին ջերմ ընդունելության համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Ա կաթողիկոսն ավարտել է ԱՄՆ-ի Արևելյան թեմ կատարած այցելությունը, որը տևել է շուրջ մեկ ամիս: