Թուրքիան հետ կուղարկի ԵՄ-ի զեկույցը` Հայոց ցեղասպանության հիշատակման համար. Բոզքիր

Անկարան հետ կուղարկի Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի՝ առաջընթացի զեկույցը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը:

Tert.am-ի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան մասնավորապես ասել է. «Մենք չենք ընդունում զեկույցը և հետ ենք ուղարկելու»: Ըստ պաշտոնյայի` զեկույցը չի արտահայտում ԵՄ – Թուրքիա իրական հարաբերությունները:

Թուրքիայի ԱԳՆ-ն ևս հայտարարել է, որ Եվրախորհրդարանի այս տարվա զեկույցը այդ կառույցի կողմից ընդունված «ամենատարաբախտ» որոշումներից մեկն է պարունակում:

Աղբյուրը պարզաբանում է, որ նման մոտեցման պատճառը 1915-ն է, ավելի ճիշտ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները` ապրիլին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի հիման վրա, ինչը Թուրքիան չէր ընդունել: Այժմ թուրք պաշտոնյաները պնդում են, որ «1915-ի մասին փոփոխությունները» զեկույցում արվել են «վերջին րոպեին»: Բոզքիրը հավելել է, որ «այս հիշատակման բերումով էլ մենք անընդունելի ենք համարում զեկույցը: Բրյուսելում ԵՄ-ում մեր մշտական ներկայացուցիչը զեկույցը կվերադարձնի ԵՎրախորհրդարանին»:

Բոզքիրն ընդգծել է նաև հետևյալը. «Թուրքիան երբեք չի ընդունել ու երբեք էլ չի ընդունի այն,որ 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն կոչվեն», քանի որ ըստ թուրքերի դա «իրավական և պատմական հիմքեր չունի»:

Աղբյուրը իր կողմից նշում է, որ հայերը և մարդիկ ամբողջ աշխարհում ընդունում են, որ կատարվածը ցեղասպանություն էր:

Scroll Up