Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը Գեղարքունիքի մարզում է

Արցախից եկող Ջահը Գեղարքունիքի բնաիչները մեծ տոնախմբությամբ դիմավորեցին Վարդենիսում: Ջահը հայրենի քաղաք տեղափոխելու պատիվն այս անգամ վերապահվել էր Հայաստանի կրկնակի փոխչեմպիոն, ըմբիշ Տիգրան Շաբոյանին: Ըստ քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի` Վարդենիս քաղաքն այս խաղերին ներկայանալու է 2 մարզաձևով` շախմատ և բազկամարտ:
Նշված մարզաձևերից բացի մարզն ընդհանրապես կներկայանա նաև սեղանի թենիսով և լողափնյա վոլեյբոլով: «Մեդալների ու առավել ևս դրանց գույների մասին չենք մտածում: Կարևորում ենք խաղերի գաղափարախոսությունը, որը լավագույն ձևով ընդգծված է խաղերի կարգախոսում ` Միասնություն սպորտով»,-ասում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համահայկական ամառային 6-րդ խաղերի այս ջահը, որը վառվել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, անցել է Արցախի շրջաններով մինչև խաղերի մեկնարկը կանցնի նաև Հայաստանի բոլոր մարզերով և օգոստոսի երկուսին համայն հայության մայրաքաղաք Երևանում կազդարարի Համահայկական ամառային 6-րդ խաղերի սկիզբը: Ջահի երթուղու հաջորդ կանգառը Տավուշի Մարզի Բերդ քաղաքն է: