Բելգիական կուսակցության առաջնորդ. Հայոց ցեղասպանության հետ չեն խաղում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/06/Belgia-300x225.jpg)
Հայոց ցեղասպանության հետ չեն խաղում: Այս մասին ըստ News.am-ի`հայտարարել է բելգիական «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը՝ ի պատասխան թուրքական ծագմամբ բրյուսելյան պատգամավոր Մահինուր Օզդեմիրի՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար կուսակցությունից հեռացնելու առիթով պահանջներին:
Բելգիական «La Libre» պարբերականի փոխանցմամբ, Օզդեմիրը Թուրքիայից տեսաուղերձ է ուղարկել՝ տեղեկացնելով որոշումը «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցության քաղխորհրդում բողոքարկելու մասին, սակայն, Բենուա Լյուտժենի խոսքով, նրա վերականգնումն իրական չէ:
«Հայոց ցեղասպանության հետ խաղ չեն անում»,- ասել է կուսակցության առաջնորդը՝ հավելելով, որ Օզդեմիրը վերջին օրերին իր բազմաթիվ հրապարակային հայտարարություններում չի գործածել ո՛չ «ցեղասպանություն», ո՛չ էլ «հայեր» բառերը: Լյուտժենը հիշեցրել է, որ ցեղասպանությունը «կատակ չէ», այլ մի ամբողջ ժողովվրդի ոչնչացման ցանկություն: Նա նաեւ հավելել է, որ իր կուսակցությունը միշտ հստակորեն արտահայտել է այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը, իսկ դրա անդամներն էթիկայի խարտիա են ստորագրել:
Հիշեցնենք, որ Բելգիայի «Մարդասիրական դեմոկրատական կենտրոն» կուսակցությունն իր շարքերից հեռացրել է թուրքական ծագմամբ պատգամավոր Մահինուր Օզդեմիրին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար: Ավելի վաղ կուսակցության նախագահ Բենուա Լյուտժենը հայտարարել է, որ կուսակցությունում այդ փաստը ժխտողներ լինեն, անհապաղ կհեռացվեն: