Դինքի գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետը

Ստամբուլի Շիշլի թաղամասում 2007թ. սպանված Թուրքիայի հայկական «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով նոր ձերբակալություն է կատարվել: ermenihaber.am-ը գրում է, որ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ ոստիկանության հետախուզական վարչության C բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի վերաբերյալ նշյալ գործով որպես կասկածյալ ձերբակալելու որոշում է կայացվել:

Ստամբուլի հանրապետական դատախազությունը Յըլմազերի նկատմամբ մեղադրանք է առաջադրել «հանցավոր նպատակով խմբավորում ստեղծելու» և «ծրագրված սպանությանը աջակցելու» համար:

Ավելի վաղ Յըլմազերը Դինքի գործով հարցաքննվել էր 2014թ. դեկտեմբերի 4-ին: Այժմ, նոր ապացույցների բացահայտման պատճառով կրկին կանչվել է հարցաքննության:

Այսպիսով Յըլմազերի ձերբակալությամբ Դինքի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասավ 5-ի: Ավելի վաղ ձերբակալվել էին Մուհիթթին Զենիթը, Օզքան Մումջուն, Էրջան Դեմիրը՝ «հանցավոր անփութության» և Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը՝ «անփութության հետևանքով  մահվան պատճառ դառնալու» մեղադրանքով:

Scroll Up