Մարգար Եսայան. «Թուրքիայում վերջ է դրվել 1915-ի ժխտմանը»
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված հայազգի Մարգար Եսայանը հայտարարել է, որ Թուրքիայի հայ համայնքի ամենահիմնական խնդիրը ներքին կազմակերպվածությունն է:
ermenihaber.am-ը գրում է, որ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակoս» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Եսայանն անդրադարձել է Թուրքիայի տարբեր օրակարգային խնդիրներին, այդ թվում նաև՝ Թուրքիայի հայ համայնքին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ԱԶԿ-ի հայ թեկնածուն նշել է, որ նախկինում գոյություն ուներ 1863թ. հայկական կանոնադրությունը, (Օսմանյան կայսրությունում – խմբ.), որի հիման վրա ստեղծվել էր հայկական մեջլիս, և այդ օրգանը բավական ժողովրդավարական էր ու կազմակերպում էր հայկական համայնքի կյանքը: Սակայն Թուրքիայի միակուսակցական շրջանում այդ մեջլիսը լուծարվեց և հայերը զրկվեցին իրենց խնդիրները կարգավորող ու կարևոր որոշումներ կայացնող իրավական մարմնից:
Եսայանը հույս է հայտնել, որ ներկայիս Թուրքիայում հնարավոր կլինի վերստեղծել նման քաղաքացիական խորհուրդ:
«Հուսով եմ, որ պատրիարքարանի իրավական կարգավիճակ ստանալու, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների միջոցով հիմնադրամների՝ նոր տերերի ընտրության շնորհիվ և ամենակարևորը, հայկական համայնքի քաղաքականության որոշիչը հանդիսացող պատրիարքարանի հետ միասին հնարավոր կլինի համատեղ աշխատող քաղաքացիական խորհուրդ ստեղծել»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ ԱԶԿ պատգամավորի թեկնածուն նշել է, որ Թուրքիայում այս առումով բավական դրական իրավիճակ է ստեղծվել: Նա հիշեցրել է վերջին երկու տարում հրապարակված պաշտոնական ցավակցական ուղերձները՝ նկատելով, որ վարչապետի և նախագահի մակարդակով ժխտումը Թուրքիայում արդեն վերացել է: Նաև վերացվել է ցեղասպանության թեմայի քննարկման տաբուն՝ և հոգեբանական , և իրավաբանական առումով:
«Պետությունը լրջորեն փոխել է իր մոտեցումը 1915թ. դեպքերի վերաբերյալ և դա նշանակում է, որ ժխտմանն արդեն վերջ է տրվել: Վերջին 13 տարիների ընթացքում պետությունը հրաժարվել է հայերին՝ որպես թշնամի և օտար ներկայացնելու գործընթացից»:
Մարգար Եսայանը նաև կարծիք է հայտնել, որ եթե ԱԶԿ-ն ևս 10-15 տարի մնա իշխանության ղեկին, ապա 5-10 տարի հետո Հայկական հարցը Թուրքիայում այլևս կդադարի գոյություն ունենալուց: