Սիրիահայ կնոջ համեղ խմորեղենը երևանյան փողոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/սիրիահայ-կին-300x225.jpg)
Մայթեզրով քայլելիս հանկարծ լսեցի. «Համեցեք, արևելյան քաղցրավենիք գնեք, շատ համեղ է»:
Փողոցում հաճախ կարելի է տեսնել միրգ, բանջարեղեն, ծաղիկներ վաճառողների, չնայած Երևանում փողոցային առևտուրն արգելված է: Բայց քաղցրավենիք, այն էլ` խմորեղեն, առաջին անգամ էի տեսնում: Մոտեցա ու տեսա ժտացող, հաճելի մի կնոջ. սիրիահայ Դալիթա Դեգերմենջյանն էր:
Թե ինչպես է երբեմնի ծաղկուն Հալեպում բարեկեցիկ կյանքով ապրող տանտիկինը հայտնվել երևանյան փողոցներից մեկում ու խմորեղեն է վաճառում, պատմում է ինքը. «Հալեպում ամուսինս մեքենաների վերանորոգման ֆաբրիկ ուներ: Մի հոգի կաշխատեր, 6 հոգի կապրեինք: Ունեինք երկու բնակարան, հողատարածք: Տղաս Երևանում էր սովորում, այնքան լավ էինք, որ իրեն 4 տարի հոս տուն վարձեցինք, պահեցինք: Ամեն բան լավ էր, մինչև պատերազմը սկսվեց»:
Հենց առաջին հարձակումների ժամանակ նրանք կորցնում են Հալեպի Բոստանփաշա թաղամասում գտնվող ավտոմեքենաների վերանորոգման կենտրոնը, որի վնասը կազմում է 60-70 հազար դոլար: Բայց ամենավատն այն է, որ ընտանիքը զրկվում է ապրուստի միակ միջոցից: «3,5 տարի այդպես անգործ նստեցինք, ապրեցինք խնայողությունների հաշվին,- շարունակում է տիկին Դալիթան,- հայկական բարեգործական ակումբները, եկեղեցին որոշ չափով օգնում էին: Միայն տղաս կաշխատեր: Ունեցած փողերնիս, ոսկինիս, ամենը հոն վերջացուցինք, եկանք»:
Ընդամենը 7 ամիս է, ինչ նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Մինչ այդ ապրել են մշտական վտանգի, ահուսարսափի մեջ: Նրանց բնակարանը Հալեպում գտնվել է կառավարական շենքի դիմաց, որը հսկողության տակ էր ընդդիմադիրների կողմից. դիպուկահարներ, անվերջ հրթիռակոծություններ…
Վերջին 2 տարին Հալեպում նաև կենցաղային պայմաններն էին խիստ վատացել, հոսանք չկար, ջուր չկար: Տիկին Դալիթան պատմում է, որ մանկական սայլակներով մոտակա եկեղեցուց ջուր էին տանում տուն, իսկ հոսանքը սկզբում մի քանի ժամով էր անջատվում, հետագայում՝ գրեթե ողջ օրը:
«Մեզի կըսեին, որ Հայաստան շատ լավ է, գնացեք, ձեզ օգնություններ ալ կտան, միայն գործ չկա, եթե կարողանաք մի գործ ճարել` շատ լավ կըլլա»:
Ի վերջո, որոշում են տեղափոխվել: 2014-ի հոկտեմբերի 17-ին ամուսնու և 3 երեխաների հետ Հայաստանում էին:
Այստեղ ապրում են վարձով, 5 հոգով` մի փոքրիկ բնակարանում, որի արժեքը ամսական 130 հազար դրամ է: Չեն կարող ավելի մեծ բնակարան վարձել, թանկ է, իսկ ապրուստի միջոցը մինչև հիմա իրենց հետ բերած փոքրիկ գումարն էր, որն արդեն սպառվում է:
Ամուսինն առայժմ գործ չի գտել, որդին է աշխատում, բայց միայն նրա աշխատավարձով ապրել հնարավոր չէ: Որպեսզի կարողանան ծայրը ծայրին հասցնել, տիկին Դալիթան որոշել է օգնել ընտանիքին. «Ես Հալեպ շատ կշինեի խմորեղեն տան համար: Ասացի՝ եկեք թխենք, վաճառենք: Բոլորը ինձի օգնեցին. մեր հայաստանցի հարևանները, ծանոթները, անծանոթները: Օրվա հացի գումար է»:
Չնայած փաթեթավորված տուփերին և հիգիենայի կանոնների պահպանմանը՝ միևնույն է, փողոցում խմորեղեն վաճառելն արգելված է, և արդեն սիրիահայ կինը քաղաքային իշխանություններից նախազգուշացում է ստացել, որ դադարեցնի փողոցային առևտուրը: «Մեզ ասացին, որ մոտակայքում շուկա կա, այնտեղ կարող եք վաճառել: Նայինք, եթե նման հնարավորություն ըլլա, կտանինք հոն կվաճառենք: Եթե արգելված է, բոլորին արգելված է, մենք այս քաղաքը կապրինք կոր և պետք է հարգենք այստեղի օրենքները: Եթե դու քո քաղաքի միջից ելել ես և հոս կապրիս, քիչ մը իրենց ալ պիտի հետևիս, ինքնահավան ու ինքնագլուխ պիտի չըլլաս»:
Զրուցակիցս զարմանում է, որ շատերը սիրիահայերի և հայաստանցիների միջև արհեստական պատնեշներ են ստեղծում, ասում են, թե իբր դժվար է շփվելը, տարբեր են և այլն: «Ինչո՞ւ, մենք արաբներուն հետ շփվելեն վերջ հայերուն հետ չպիտի՞ կարողանանք շփվիլ: Ամեն ազգին մեջ լավն էլ կա, վատն էլ, պետք չէ մեկ հոգու վրա կարծիք կազմել»:
Հարցին, թե ինչպես եք ձեզ զգում հայրենիքում, տիկին Դալիթան պատասխանում է արցունքներով. «Անշուշտ, շատ լավ, սա մեր հայրենիքն է, գեշ օրեր անցուցինք այս պատերազմին շրջանին»:
Ու հիշում է գեշ օրերից մեկը. «Մի օր հացի հերթին կկենայինք, մեկ էլ մի հրթիռ ընկավ: Դիմացներս կանգնած 2-3 հոգին կտոր-կտոր եղան»:
Տիկին Դալիթային իր նոր «բիզնեսում» գոտեպնդելու համար նրա կողքին էր իր ազգականը՝ Գրիգոր Բյուլբյուլյանը:
Պարոն Գրիգորն առաջին անգամ Հայաստան է եկել 1985 թվականին: «Երբ այդ ժամանակ եկա, վերադարձա և տիկինիս ասացի՝ եկուր ծախենք մեր տունը, գնանք Հայաստան, տուն առնենք, հոն ապրենք: Չհամաձայնեց: 2013 թվականին աղջկանս ասացի՝ եկուր տունը ծախենք, չհամաձայնեց, ասաց՝ ընկերներս, հարևաններս… 2014-ին արդեն ինքն էր ասում՝ հայրիկ, ինչ կուզես արա, միայն թե գնանք այստեղից»:
Պարոն Գրիգորը կորցրել է Հալեպի հայկական Կարմիր խաչ թաղամասում գտնվող բնակարանը: 2014 թվականի օգոստոս ամիսն էր: «Թաղը 8 հրթիռ ընկավ: Մի շարքի վրա գտնվող 7 շենք քանդվեցավ, մնացին այդ շենքերի առաջին ու երկրորդ հարկերը, հետո դիմացի կողմն անցան, այնտեղ էլ 5 շենք քանդվեցավ: Մենք այդ օրը պատահաբար տանը չէինք, օրը կիրակի էր, հյուր էինք գնացել»:
Երբ հետ են գալիս ու հասկանում, որ այլևս ոչինչ չունեն, մխիթարվում են նրանով, որ ողջ են մնացել: Մի քանի ամիս ապրում են հարևանի տանը, մինչև տեղափոխվում են Հայաստան:
Գրիգոր Բյուլբյուլյանը, որ 45 տարվա վարորդ է, Հայաստանում առայժմ ոչնչով չի զբաղվում: Այս մի քանի ամիսներին տան վարձավճարը հոգացել է խնայողությունների հաշվին. «Բայց վերջացավ, գալ ամիս չկա փող: Մտածում եմ աշխատելու մասին: Կարող եմ իմ մասնագիտությամբ աշխատել: Աչքերս լավ վիճակում չէին, վիրահատել եմ և 15 օրից ի վիճակի կլինեմ աշխատել, եթե աշխատանք գտնեմ»:
Նա խոստովանում է, որ Հայաստանը շատ է սիրում. «Կարող եմ վաղը նստիլ սամալյոտ և Ամերիկա գնալ, գրին քարտ ունեմ, բայց չեմ սիրում Ամերիկան, չեմ գնա: 4 տարի ապրել եմ հոն՝ 1988-92-ը: Մենք էսպիսի խոսք ունենք. «Հողե թող ըլլա, մեզի թող ըլլա»: Այսինքն՝ ցեխոտ ըլլա, կեղտոտ ըլլա, մերն ըլլա: Հայաստանը մերն է»,-ամփոփում է պարոն Գրիգորը:
Իսկ այդ ընթացքում տիկին Դալիթան վաճառում է իր ձեռքով պատրաստած համեղ խմորեղենի ևս մի քանի տուփ:
Անի Գասպարյան
ankakh.com