«Հայորդյաց տան» շուրջ 200 առաջին դասարանցի արդեն իսկ տառաճանաչ է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/b1.jpg)
Մայիսի 17-ին և24-ինՄոսկվայի «Հայորդյացտանն» իսկական տոն էր։ Դեռ սեպտեմբերին կրթօջախի դռները բացած շուրջ երկու հարյուր հայորդիներ անհամբերությամբ էին սպասել այն օրվան, երբ տառաճանաչ կոչվելու հնարավորություն կունենային։ Հաշված ամիսների ընթացքում կրթօջախի յոթ տարեկանից բարձր առաջին դասարանի սաները, ովքեր ընդգրված էին Նելլի Մելքոնյանի, Սվելանա Միքայելյանի և Ալլա Համբարձումյանի դասարաններում, կրթօջախի բեմում հայերենից ստացած գիտելիքներվ փայլելու հնարավորություն ստացան։ Այս մասին «Հայերն այսօրին» Մոսկվայից տեղեկացնում է Արմինե Կարեյանը:
«Անմահությանվահանը»խորագիրըկրողԱյբբենարանի տոնին նրանք ներկայացրեցին Մեսրոպ Մաշտոցի գործի դերն ու նշանակությունն ազգապահպանության գործում և իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Մոսկվայի «Հայորդյաց տան» տնօրենությանն ու ուսուցչական անձնակազմին, որոնց եռանդի ու ջանքերի շնորհիվ իրենք կարողանում են օտար հողում սովորել հայերեն գրել, կարդալ, իսկ ոմանք նաև խոսել։
Նելլի Մելքոնյանն իր սաների միջոցով ցույց տվեց, որ Հայոց այբուբենն անմահության վահանն է, որը դարերի ընթացքում հայ ժողովրդին պաշտպանեց ձուլումից, մոռացումից, կործանումից և կաշտպանի այնքան ժամանակ, քանի հայը ապավինում է նրա ուժին։
Սվետլանա Միքայելյանի դասարանի սաներն էլ իրենց երախտագիտությունն ու սերը հայտնեցին ինչպես Հայոց գրերի գոյության, այնպես էլ դրանք իրենց հասցնելու համար, իսկ դասարանի ավագ սաներից մեկը «Հայորդյաց տանն» ուղղված հեղինակային չափածո ստեղծագործություն ներկայացրեց, որն իրավամբ արժանացավ ներկաների ծափողջույններին։
Ալլա Համբարձումյանը էլ որոշել էր ներկայացնել հայերենի բարբառների զանազանությունը և նույն բառի՝ տարբեր բարբառներում տարբեր կերպ հնչելը, ինչը, հատկապես հայրենիքից դուրս գտնվող կրթօջախներում, սաների շրջանում հետաքրքիր բանավեճի առիթ կարող է դառնալ։
Ջեմմա Կիրակոսյանի դասարանի սաների ելույթն էլ ավելի գեղեկացրեցին այբուբենը պատկերող նրանց շապիկները, իսկ սաներն իրենց սովորած տառերով հայերեն նոր բառեր կազմեցին և լսեցին իրենց ուսուցչուհու՝ մայրենին մոր չափ սիրելու և փայփայելու պատգամը, ապա խոստացան լինել հայրենիքին պիտանի զավակներ։
Ուսուցիչները միջոցառումների ընթացքում մեծ կարևորություն էինտվել նաև երգին ու պարին,քանի որ դրանք ևս հայապահպանության բաղկացուցիչ մաս են կազմում և դեռ գրավոր հայերենին չտիրապետող՝ օտար հողում ապրող հայորդին հենց դրանց միջոցով է ամրապնդում լեզվի իմացությունն ու դառնում հայկական մշակույթի կրողը։ Իսկ երգերի կատարման գործում դաշնամուրային նվագակցությամբ իրենց մշտական աջակցությունն էին բերել Լենա Բեգլարյանն ու Արմինե Մարտիրոսյանը։
Միջոցառումների ավարտին սաները Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանից ստացան խորհրդանշական նվերներ՝ կրթօջախի տարբերանշանով տետրեր ու գրիչներ, որպեսզի ամռան ամիսներին դրանցով ամրապնդեն իրենց ստացած գիտելիքները։
Միջոցառման ավարտին Սրբազան Հայրը՝ դիմելով սաներին, ասաց․«Ձեր ելույթներն ինձ ոգևորեցին, քաջալերեցին և արթնացրեցին այն տարիների հուշերը, երբ ուսուցիչներիս, ծնողներիս հորդորով գիտակցել եմ, որ հայը հայ է իր լեզվով, հավատքով, իր պապերի ստեղծած սրբազան ժառանգությամբ։ Դուք ինքներեդ մեկ անգամ ևս անդրադարձաք մեր լեզվի աստվածատուր լինելով։ Դուք հիշեցիք մեր հայրերին, ես էլ հիշեցի մեր հոգևոր առաջնորդներից մեկի խոսքը Մեսրոպ Մաշտոցի Սուրբ գերեզմանի առջև, որ ինքը ոչ մի տեղ այդքան ներքև չէր իջել, այդքան վերև տեսնելու համար։ Այսինքն,ինքը խոնարհվել էր գերեզմանին և տեսել էր աստվածային երկինքը։ Ես էլ այստեղ ձեր միջոցով զգացի աստվածայինը։ Թող Աստված օրհնի բոլորիդ և անսասան պահի ձեր հավատքում և անկոտրում՝ հայերենը սովորելու և մոր պես փայփայելու գործում»։