«Սփյուռքի ամենամեծ մարտահրավերը լեզվի իմացության պակասն է». Հրանուշ Հակոբյան

Մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով Սփյուռքի հիմնախնդիրներին, կարևորեց մայրենիի իմացության խնդիրը, նշելով, որ Սփյուռքի ամենամեծ մարտահրավերը լեզվի իմացության պակասն է:

«Եթե սկզբնական շրջանում մեր դպրոցները, ծնողներն ավելի նախանձախնդիր էին լեզուն սովորեցնելու հարցում, ապա այժմ այն հետին պլան է մղվում, երիտասարդների մեջ պակասում է հայերեն խոսելու կարողությունը»,-նշեց նախարարն ու հավելեց, որ խնդրի լուծման համար նախարարությունը համայնքներում ստեղծել է 30-40 մաշտոցյան կենտրոններ:

«Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում Հայաստանում կազմակերպում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, Սփյուռքի 229 դպրոցների շուրջ 60 հազար կտոր գրականություն է ուղարկվել: Հայաստանյան մանկավարժների միջոցով ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև համայնքներում:

«Բայց կարծում ենք, որ հայերեն պետք է սովորել հայրենիքում: Ինչպես Լոնդոնն է համարվում անգլերենի ուսուցման կենտրոնը, այնպես էլ Երևանը պետք է լինի հայերենի ուսուցման կենտրոնը: Այդ նպատակով Երևանի պետական համալսարանի բազայի վրա ստեղծել ենք «Սփյուռք» ամառային դպրոցը, որտեղ տարեկան շուրջ 100 սփյուռքահայ արևմտահայերեն և արևելահայերեն են սովորում»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Scroll Up