ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց գերմանական «WCR e.V» հիմնադրամի հիմնադիր Ուվե Լոյշների հանդիպումը Հայաստանում գործող առևտրային կառույցների հետ
Մայիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց գերմանական «WCR e.V» (WirtshaftsClub Russland e.V.) հիմնադրամի հիմնադիրներ Ուվե Լոյշների և Քարին ֆոն Բիսմարքի հավաք-հանդիպումը Հայաստանում գործող առևտրային կառույցների, տարբեր ընկերությունների և միությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանը, հիմնադրամի պատվիրակությունը և Հայաստանից «Օվնե», «Յունիտրանս», «Սելենա Սերվիս» ՍՊԸ-ների,«Ava» Shoes», «Yan Voyage», «Thermorex», «Elbat», «DWV Armenia» և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հայաստանյան այս կառույցների մի մասը գործում են գերմանական որևէ կազմակերպության հետ համատեղ, մի մասը «Մետաքսի ճանապարհ»-ի երկրներից մեկում, իսկ որոշ կազմակերպություններ համագործակցում են Մետաքսի ճանապարհի երկրներից որևէ մեկում գրանցված և գործունեություն ծավալող ընկերության հետ:
Հավաքի նպատակն էր ծանոթանալ հայաստանյան մասնակից ընկերությունների գործունեությանը, որից հետո այդ ընկերությունները հիմնադրամի կողմից ներկայացվեցին մրցանակաբաշխության, որի արդյունքում երեք լավագույն ընկերություններն այս տարվա սեպտեմբերին կպարգևատրվեն համապատասխանաբար 5000 եվրո /առաջին տեղ/, 3000 եվրո /երկրորդ տեղ/, 1500 եվրո /երրորդ տեղ/ գումարներով:
«WCR e.V» հիմնադրամի նպատակն է համախմբել տարբեր կազմակերպություններ և մշակույթներ ներկայացնող անձանց մեկ վայրում, որոնք ցանկանում են բիզնեսի, առևտրի, տուրիզմի և մի շարք այլ ոլորտներում հանդես գալ նոր գաղափարներով, նախագծերով ու նախաձեռնություններով՝ նպաստելով հաջողված համագործակցության, կայունության և մշակութային ներգրավվածությանը՝ ասիական և եվրոպական շուկայում:
Բացի Երևանից հիմնադրամն այս տարվա հունվարից նմանատիպ միջոցառումներ անցկացրել է Բեռլինում, Մոսկվայում, Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քիշնևում, Մինսկում, Հաննովերում, Մյունխենում, Կիևում, Թբիլիսիում, իսկ այս տարվա հունիսին պլանավորում է անցկացնել հավաքներ նաև Հոնգ Կոնգում, Շանհայում և Պեկինում: