Տորոնտոյի հայերն աջակցում են Ասկերանի շրջանի Իվանյան համայնքին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբԱսկերանի շրջանի Իվանյան գյուղում կառուցվում է համայնքի համար խիստ անհրաժեշտ երկու հաստատություն` մանկապարտեզ եւ կենտրոն: Ծրագրերը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո  ծառայության    փոխանցմամբ՝  մանկապարտեզի շենքն արդեն պատրաստ է: Ընթանում են դռների ու լուսամուտների տեղադրման, ներքին հարդարման աշխատանքները: Եղանակի բարելավվելուն պես կսկսվի բակի բարեկարգումը: Աշնան վերջին արդեն կահավորված մանկապարտեզն իր հարկի տակ կընդունի գյուղի շուրջ 70 փոքրիկներին: Նրանցից 14-ը խնամք եւ նախադպրոցական ուսում է ստանում համայնքի դպրոցում հարմարեցված դասասենյակում: Մանկապարտեզը Տորոնտոյի հայ համայնքի հանգանակություններով իրականացվող 10-րդ կրթօջախն է հայրենիքում:

Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը, ինչպես եւ անցած տարիներին, ժամանել է Արցախ՝ ծանոթանալու ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ տորոնտոյի հայերի կողմից նախորդ տարիներին կյանքի կոչված հաստատությունների առօրյային եւ խնդիրներին, որոնք եւս հաջորդաբար լուծում են ստանում: «Մեծապես կարեւորում ենք դպրոցների եւ մանկապարտեզների կառուցումը, քանզի այստեղ է ձեւավորվում մեր ապագան»- ասել է արցախահայության մեծ բարեկամ Մկրտիչ Մկրտչյանը: Ատենապետն արդեն իսկ ունի նախընտրելի անուն այս համալիրի համար:

Անմիջապես մանկապարտեզի հարեւանությամբ կառուցվում է համայնքային կենտրոնը, որը մանկապարտեզի հետ միասին նոր կյանք կհաղորդի պատերազմից խիստ տուժած համայնքին: Շուրջ 1400 բնակիչ ունեցող համայնքն իր ներկայիս անունը ստացել է ի պատիվ արցախյան ազատամարտի հերոս Քրիստափոր Իվանյանի:

 01 02

Scroll Up