Գերմանիայում տեղի ունեցավ «Շարժման մեջ» խորագրով հայկական մշակութային օրերի բացումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/0142.jpg)
Մայիսի 8-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում տեղի ունեցավ «Շարժման մեջ» խորագրով հայկական մշակութային օրերի բացումը: Մշակութային միջոցառումների շարքը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անցկացվում է երկրամասի մշակույթի և լուսավորության նախարար Շտեֆան Դորգերլոհի հովանու ներքո: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Բացման օրը գերմանացի դիրիժոր, պրոֆեսոր Քրիստֆրիդ Բրյոդելի գլխավորած երգչախումբն առաջին անգամ կատարեց Թոմաս Բուխհոլցի կողմից վերամշակված Կոմիտասի գերմանալեզու շարականները:
Միջոցառմանը ներկա էին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության և լանդթագի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան երկրամասի Լանդթագի փոխնախագահ Գերհարդ Միստերֆելդը, մշակույթի և լուսավորության նախարար Շտեֆան Դորգերլոհը և Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:
«Շարժման մեջ» խորագրով մշակութային օրերը երկրամասում կտևեն մինչև հուլիսի 1-ը` ներառելով հայկական ֆիլմերի ցուցադրություն, հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ և այլն:
Մայիսի 8-ից 26-ը Բեռլինի Լիխտենբերգ շրջանի «Կարլսհորստ» մշակութային տանը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարտին Պետցոլդի հովանու ներքո անցկացվում են հայ-գերմանական մշակութային օրեր:
Մայիսի 9-ին միջոցառումների շարքի շրջանակներում տեղի ունեցավ Երևանից ժամանած «Նաղաշ» երգչախմբի համերգը: Համերգին ներկա էին Մարտին Պետցոլդը, Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակութային հարցերի պատասխանատու Մ.Գոկշը, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: