Եվրոպա Նոստրա. Թուրքիայի Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին վտանգված է
Մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնությունը (Եվրոպա Նոստրա) Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Սուրբ Գևորգ հայկական կաթոլիկ եկեղեցին, որը հայտնի է նաև Կարմիր եկեղեցի անունով, ընդգրկել է Եվրոպայում վտանգված մշակութային հարստությունների ցանկում: Ցուցակում ընգրկված են 7 կառույց:
ermenihaber.am-ը գրում է, որ «Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ եվրոպական կառույցի Թուրքիայի մասնաճյուղը եկեղեցին վերանորոգելու համար նախաձեռնող շարժում է սկսել: «Եվրոպա Նոստրա Թուրքիա» կազմակերպությունից պրոֆեսոր Նուրան Զենեն Գյուլերսոյը հայտնել է, որ նախագծման աշխատանքներն արդեն կատարվել են, իսկ ավարտին հասցնելու և վերանորոգման համար ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ:
Երկար ժամանակ Սուրբ Գևորգ եկեղեցում ուսումնասիրություններ կատարած ճարտարապետ Ամինե Ալքան Ռեիսը ներկայացրել է եկեղեցու պատմությունը: Ըստ մասնագետի՝ 1915 թվականից հետո կառույցը դադարել է օգտագործվել որպես եկեղեցի: Այն Մարդինի ամենահին պաշտամունքային վայրն է, որի առաջին կառույցը թվագրվում է 5-րդ դարով: 1822 թվականին Հովակիմ եպիսկոպոս Թազբազյանը եկեղեցին վերանորոգելիս հայտնաբերել է 420 թվականին վերագրվող մի գրություն: Ըստ Պոլսի Հայոց պատրիարքարանի տվյալների՝ եկեղեցին մինչև 19-րդ դարը հայտնի է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որից հետո ստացել է Սուրբ Գևորգ հայ կաթոլիկ եկեղեցի անունը: Եկեղեցին 1915-ից հետո օգտագործվել է որպես մանկատուն, հետագայում` վերածվել զինանոցի: Եկեղեցու գրադարանը զինանոց դառնալուց հետո հրկիզվել է:
«Ագոսի» տեղեկացմամբ՝ եկեղեցու վերականգման համար անհրաժեշտ է 6 միլիոն լիրա: Մարդինի Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամը, որին պատկանում է եկեղեցին, բավարար միջոցներ չունի այդ ծախսերը հոգալու համար: Հիմնադրամն աջակցություն չի ստացել ոչ Թուրքիայի մշակույթի նախարարությունից, ոչ էլ Հիմնադրամների գլխավոր վարչությունից: