Հայաստանը կօգտվի 500 մլն սպառողներ ունեցող ԵՄ շուկայի առևտրային գործընկեր դառնալու հնարավորությունից. Ֆյուլե

Հայաստան –Եվրոպական միություն ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը նոր փուլ կնշանավորի ոչ միայն ՀՀ-ԵՄ հարաբերությունների, այլև Հայաստանի զարգացման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, հուլիսի 10-ին ասել է Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` հայ ուսանողների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և մտավորականների հետ հանդիպման ժամանակ: «Միշտ էլ հաճելի է այցելել Հայաստան և տեսնել ծաղկուն մշակույթի հիմքերը, որն այդքան մեծ ազդեցություն է ունեցել ողջ աշխարհում…ԵՄ-Հայաստան հարաբերություններն այժմ շատ կարևոր փուլում են: Մենք թևակոխում ենք ավելի խոր և համապարփակ համագործակցության փուլ: Արդեն շատ մոտ է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերջնական փուլը, և ես վստահ եմ, որ սա նոր հնարավորություններ ու կոնկրետ օգուտներ կարող է ընձեռել բոլոր քաղաքացիներին»,- նշել է Եվրոպական հանձնակատարը:
Անդրադառնալով Եվրամիության հետ ՀՀ համագործակցությանը` հանձնակատարը նշել է, որ գլոբալիզացիայի ընձեռած եզակի հնարավորություներից օգտվելու համար շատ կարևոր է կանխատեսելի և վստահելի գործընկերներ ունենալը, որոնք հասկանում և կիսում են քո տեսլականը և որոնց հետ կարելի է համաձայնության գալ համատեղ գործիքների և ուղեծրային քարտեզի մշակման շուրջ: «Մենք պատրաստ ենք ոչ միայն մեր սեփական միջոցներից ֆինանսական աջակցություն տրամադրել, այլև խրախուսել միջազգային այլ դոնորների` հովանավորելու (Հայաստանում) իրականացվող բարեփոխումների ծրագրերը: Սա կարող է ամուր հիմք ծառայել միջնաժամկետ պլանավորման համար, որը կկենտրոնանա մի շարք ընդհանուր նպատակների վրա և կգործի կառավարության վերահսկողության ներքո»,- հավելել է նա:
Շտեֆան Ֆյուլեն նաև առանձնացրել է ԵՄ-Հայաստան ընթացիկ հարաբերությունների առաջնահերթությունները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ, հավասարություն, պայքարը կոռուպցիայի դեմ և բարեփոխումներ կառավարման համակարգում: «Զգալի առաջընթաց է արձանագրվել ժողովրդավարության ոլորտում, սակայն անհրաժեշտ է շարունակել աշխատանքները, որպեսզի իրականացվեն վերջին ընտրություններից հետո ԵԱՀԿ բոլոր առաջարկությունները, այդ թվում` օրենսդրական դաշտի փոփոխություն: Մարդու իրավունքների ոլորտում անհրաժեշտ է երաշխավորել Մարդու իրավունքների ազգային ռազմավարության արդյունավետ ներդրումը, որն Ասոցացման համաձայնագրով խրախուսվող հիմնարար արժեքներից է: Ինչ վերաբերում է հիմնարար ազատություններին` օրինակ` անհրաժեշտ է արդիականացնել հեռարձակման իրավական կարգավորումները` դրանք համապատասխանեցնելով ԵԱՀԿ և Եվրոպական Խորհրդի չափորոշիչներին: Պետք է քայլեր ձեռնարկել ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու ԵՄ`գենդերայն հավասարության և խտրականությունների դեմ պայքարի ձգտումներին, ինչպես նաև ուժեղացնելու պայքարը կոռուպցիայի դեմ, բարեփոխումներ իրականացնել կառավարման համակարգում և ամրապնդել պետական հաստատությունները»,- մասնավորեցրել է հանձնակատարը:
Շտեֆան Ֆյուլեի խոսքերով` արդեն աշխատանքներ են տարվել մի շարք բարեփոխումների շուրջ, որոնցով նոր հնարավորություններ են ստեղծվել ոչ միայն շուկայի հասանելիության, շարժունության և ակտիվ համագործակցության համար, այլև ՀՀ պետական ինստիտուտների, աշխատանքային շուկայի և ենթակառուցվածքների ամրապնդման համար: Բացի 500 մլն սպառողներ ունեցող ԵՄ շուկայի առևտրային գործընկեր դառնալու հնարավորությունից, համաձայնագիրը նաև նախատեսում է բազմաթիվ դրույթներ, որոնք ազդում են ՀՀ քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Ինչպես օրինակ` ապառողների պաշտպանվածությունը ինչպես արտադրանքի անվտանգության, այնպես էլ դրամի փոխարժեքի տեսանկյունից կամ ճանապարհային անվտանգությունն ու օդի որակի բարելավումը:
Համաձայանգրերով կամրապնդվեն կապերը հայ և եվրոպացի ժողովուրդների միջև: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին: Էական առաջընթաց է գրանցվել համաձայնագրի շուրջ բանակցություններում: 2012թ. հունիսին մեկնարկել են ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները: