Հայոց ցեղասպանության պահանջատիրական սկզբունքներով բանաձևը միաձայն ընդունվել է IUSY համաշխարհային խորհրդի ժողովում

Հայոց ցեղասպանության պահանջատիրական սկզբունքներով բանաձևը միաձայն ընդունվել է Հայաստանում տեղի ունեցած Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության (IUSY) համաշխարհային Խորհրդի ժողովում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամփոփելով ժողովի արդյունքները՝ այս մասին ասաց ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչ Արմեն Մխչյանը:

«Այս բանաձևը իրավական ուժ չունի, սակայն հնարավորություն է տալիս սոցիալիստական կուսակցությունների երիտասարդության լոյալ վերաբերմունքն ունենալ Հայկական հարցի և Հայաստանի վերաբերյալ: Հետագայում իրենց երկրներում ապագա քաղաքական գործիչներ դառնալով ՝ նրանք կունենան հստակ ձևավորված հայաստանամետ կարծիք և կօժանդակեն մեզ», – ասաց Արմեն Մխչյանը:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Հուրի Բաղդասարյանը հավելեց, որ համաժողովի ընթացքում ընդունվել էին տարբեր բանաձևեր, որոնք հիմնականում վերաբերում էին սոցիալիզմի և երիտասարդության դերի, ինչպես նաև միջպետական հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր, որոնց շարքում էին պաղեստինա-իսրայելական հիմնահարցը, միգրացիոն խնդիրներին վերաբերող հարցեր:

Ընկերվար երիտասարդների միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1907թ. Բեռլինում և համախմբում ու միավորում է աշխարհի տարբեր սոցիալիստական կուսակցությունների երիտթևերի և սոցիալիստական ու սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կազմակերպությունների: Այն միավորում է ավելի քան 100  երկրի 140 կազմակերպություն: 

Scroll Up