System of a Down-ը 10 տարվա դադարից հետո մտածում է նոր ալբոմ թողարկելու մասին

Ամերիկյան մի շարք ժամանցային կայքերի հաղորդմամբ` System of a Down ռոք խմբի անդամները մտածում են 10 տարվա դադարից հետո նոր ալբոմ թողարկելու մասին:

Խումբն իր վերջին երկու «Mesmerize» և «Hypnotize» ձայնասկավառակները թողարկել է 2005 թվականին և դրանից հետո նոր ալբոմի որևէ ծրագիր չի ունեցել: «Լուրեր են շրջանառվում, որ 10 տարվա ընդմիջումից հետո խումբը կարող է նոր ալբոմ թողարկել»,- Արցախպրեսի փոխանցմամբ՝ գրում է kpopstarz.com կայքը:

Իսկ Kerrang կայքի հաղորդմամբ` System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանն ասել է, որ եթե նոր ձայնասկավառակ լույս տեսնի, ապա այն կտարբերվի իրենց նախորդ գործերից:

«Պատրաստակամություն կա աշխատելու միմյանց հետ, երբ մենք բոլորս նյութ կունենանք, որը փոխընդունելի կլինի»,- ասել է Թանկյանը` հայտարարելով, որ հստակ որևէ բան դեռ չկա: «Մենք ժամանակացույց կամ հավելյալ որևէ այլ բան չունենք: Միակ բանը, որին բոլորս համաձայնել ենք, այն է, որ դա պետք է  տարբերվի նրանից, ինչ մենք արել ենք նախկինում»,-ավելացրել է նա:

Թեմային անդրադարձել է նաև RTT News-ը` նշելով, որ System Of A Down-ը ներկայումս վերամիավորվում է` փորձելով ինքն իր համար պարզել, թե ինչ կարող են առաջարկել երաժշտասեր հանրությանը:

 

Scroll Up