Ուորլիք. Իմ հայրենի քաղաքում ՀՀ նախագահի հետ խոսեցինք ԼՂ բանակցությունների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգթոնում հանդիպել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես այսօր ողջունել եմ ՀՀ նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգթոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանն արդեն հանդիպել է Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն ՄաքՔեյնի, Ռոդ Այլենդից սենատոր Ջեք Ռիդի, Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզի, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելի հետ:

Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի երկրորդ օրը կսկսվի Վաշինգթոնի Հոլոքոստի թանգարան այցելությամբ, նա կլինի նաեւ ԱՄՆ կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին եւ հանդես կգա ելույթով:

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին եւ Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Scroll Up