Շվեդ պատգամավորը կառաջարկի իր երկրի դպրոցներում դասավանդել Հայոց ցեղասպանության մասին

Շվեդ պատգամավոր Հանս Լինդը Շվեդիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասաժամեր անցկացնելու առաջարկությամբ հանդես կգա իր երկրի խորհրդարանում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, որը Հայաստանում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

«Այստեղ գտնվելով ես բազմաթիվ նոր փաստեր եմ բացահայտել, գիտելիքներ եմ ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Պետք է նշեմ, որ միայն ճանաչման խնդիրը չէ, նաեւ գիտելիքների խնդիրն է, ես ցանկանում եմ, որ Շվեդիայի դպրոցներում երեխաներին սովորեցնեն  Հայոց ցեղասպանության մասին գիտելիքներ: Ես այդ հարցը կբարձրացնեմ  պառլամենտում, կառաջարկեմ, որ ոչ միայն Շվեդիայի այլեւ Եվրամիության այլ երկրների դպրոցներում նույնպես երեխաներին սովորեցնեն Հայոց ցեղասպանության մասին, ինչպես Հոլոքոստի մասին են սովորեցնում»,- ասաց նա:

Շվեդ պատգամավորը հույս հայտնեց, որ Թուրքիան մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ իրենք Հայաստանին եւ Թուրքիային կտեսնենք Եվրամիության կազմում:

Նշենք, որ մարտի 22-23-ը Երեւանում անցկացվեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որն ուներ 500 մասնակից ողջ աշխարհից:

Scroll Up