Համագործակցության համաձայնագիր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի միջև

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ըստ այս համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են կազմակերպել դասընթացներ Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմության, կրթական բնույթի հավաքներ, Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ փաստաթղթերի փոխանակում, փաստագրական աղբյուրների ուսումնասիրություններ Ֆրանսիայում, ցուցադրությունների, սեմինարների կազմակերպում և այլն:

Համաձայնագրում ասվում է. «Մեր ընդհանուր ցանկությունն է գարգացնել երկու երկրների միջև հիշողության, կրթության և Հոլոքոստի մասին ուսումնասիրությունների փոխանակումները:

Համոզված լինելով, որ այս համագործակցությունը կնպաստի և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում Եվրոպայի հրեաների բնաջնջման, Հայոց ցեղասպանության և XX դարի զանգվածային կոտորածների մասին առավելագույն ճանաչմանը, միևնույն ժամանակ, հավատարիմ մնալով իմացության փոխանցմանը, զոհերի հիշատակի պահպանման արժեքներին, ապագա սերունդներին կրթելու և բացառելու համար նմանատիպ իրադարձությունների կրկնման հավանականությունը»:

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի շուրջ բանակցություններ ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Շոայի հուշահամալիր-թանգարանի տնօրեն Ժակ Ֆրեջի հետ սկսել էր դեռ մեկ տարի առաջ:

Scroll Up