Հայերի կոտորածների հարյուրամյակի մոտենալուն զուգահեռ սրվում են նաև վեճերը «ցեղասպանություն» բառի շուրջ. Los Angeles Times
1915 թվականի հայոց կոտորածներից փրկված մարդկանց շարքում 101-ամյա Եվգինե Սալիբյանըվերջիններից է, ով նայում է Թուրքիայում գտնվող Արարատ լեռան պատկերին: Նա այսօր ապրում է Կալիֆոռնիայի Mission Hills ծերանոցում: Լոս Անջելեսի շրջանը աշխարհում հայ կենտրոնացված բնակչության խոշորագույն կենտրոններից է, interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է Los Angeles Times-ը:
Երկուշաբթի օրը թուրքական կառավարությունը ցավակցություն հայտնեց 1915 թվականին սպանված հայերի ժառանգներին, երբ Օսմանյան կայսրությունում սկսվել էր ահաբեկչությունների ու վայրագությունների ալիքը, որն Արևմուտքում համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Քանի որ աշխարհի հայերը նախապատրաստվում են ոգեկոչել այդ կոտորածների հարյուրամյակը, որն, ըստ պատմաբանների, 1.5 միլիոն կյանք է տարել, Թուրքիան շարունակում է ամուր կառչել այս եզրույթի ժխտման քաղաքականությանը, որը անմարդկայնության բառապաշար ներմուծվեց միայն այդ կոտորածներից երեք տասնամյակ անց:
Genocide (ցեղասպանություն) բառը առաջացել է լատիներեն և հունարեն ռասսա և սպանություն բառերից և առաջին անգամ կիրառվել է լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից 1944 թվականին՝ իր՝ «Առանցքի տերությունների վարչակարգը օկուպացված Եվրոպայում» (“Axis Rule in Occupied Europe”) աշխատանքի մեջ, որը փոխհատուցման առաջարկություններ էր ներառում «ազգի կամ էթնիկական խմբի ոչնչացում» հանցագործության համար: Լեմկինը այս բառն օգտագործել է Հոլոքոստի համար, սակայն ասել է, որ նկատի է ունեցել նաև հայերի նկատմամբ կատարված վայրագությունները:
Ցեղասպանություն բառի առավել լայն սահմանումը ենթադրում է, որ նման միջոցառումների նպատակը բնակչության կանխամտածված ոչնչացումն է:
Սա այն է, ինչը որ ժամանակակից Թուրքիայի առաջնորդները փորձում են շեղել՝ նշելով, որ իրենց օսմանյան նախնիների նպատակը հայերի ոչնչացումը չի եղել: Անկարայի պաշտոնյաները խոստովանում են, որ առաջին աշխարհամարտի առաջին տարիներին իրոք վայրագություններ կատարվել են, սակայն պնդում են, որ զոհված հայերի թիվը խիստ չափազանցված է, և ովքեր իրոք զոհվել են, զոհվել են պատերազմի վայրագություններից և տեղահանությունից:
«Մենք կրկին խորին հարգանքով հիշում ենք Օսմանյան հայերին, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915 թվականի տեղահանութունների ժամանակ և կիսում ենք նրանց զավակների և թոռների ցավը»,- երկուշաբթի օրվա իր ցավակցական ուղերձում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն:
Սակայն նա քննադատում է այն, ինչը սահմանում է որպես հայկական լոբբի, որի նպատակը պատերազմի ժամանակ կատարված ողբերգությունների՝ «ցեղասպանություն» կոչելն է, որի համար ժամանակակից Թուրքիայի առաջնորդները պետք է պատասխանատվություն ստանձնեն և քավեն իրենց մեղքը:
«Ամեն ինչ մի բառի հանգեցնելը, ամբողջ պատասխանատվությունը թուրք ազգի վրա դնելը և դա ատելության ելույթներով զուգակցելը բարոյական և իրավական առումով խնդրահարույց է»,- ասել է Դավութօղլուն:
Որպես հիմնականում մուսուլմանական կայսրության քրիստոնյաներ՝ Օսմանյան կայսրության քրիստոնյաները կասկածվում էին նախահեղափոխական Ռուսաստանի հետ համագործակցության մեջ, երբ սկսվել է առաջին աշխարհամարտը, որը հրահրվել է Գերմանական միության և ուլտրա-ազգայնական Օսմանյան առաջնորդների կողմից՝ հայերին պետության թշնամիներ հայտարարելու համար:
Գյուղ առ գյուղ դաժան զանգվածային սպանությունները ուղեկցվում էին Արևելյան Անատոլիայից հայ բնակչության բռնի տեղահանությամբ, որի արդյունքում հարյուր հազարավոր հայեր դատապարտվեցին Սիրիայի անապատներում մահվան երթերի, որտեղ նրանք մահանում էին սննդի, ջրի բացակայությունից և գլխի վրա ծածկ չունենալու պատճառով:
Սիրիայի դեսպանատների՝ մեկդարյա վաղեմությամբ գրառումները նշում են Արևելյան Անատոլիայից սկիզբ առնող ուղիների վրա բազմաթիվ դիակների առկայությունը, ինչպես նաև կենդանի մնացած սովահար, արևահար ու հյուծված մարդկանց ժամանումը, որոնց ենթարկվել էին երևույթի, որին թուրքական կառավարությունը անվանում է «վերաբնակեցում»:
Պապ Ֆրանցիսկոսը խառնեց տասնամյակների հին վեճը՝ անցյալ շաբաթ հայերի ջարդերը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» անվանելով: Անկարան, ի նշան Պապի՝ 1915 թվականին ապրիլի 24-ին սկսված վայրագությունները այս կերպ որակելու նկատմամբ բողոքի, հետ կանչեց Սուրբ Աթոռի իր դեսպանին:
23 պետություններ և ԱՄՆ 43 նահանգներ հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն են ճանաչել, իսկ հարյուրամյակի մոտեցման հետ կապված դեպքերի զարգացումները վկայում են, որ այլ պետություններ ևս, ներառյալ Եվրոպան սնող Գերմանիան, կհետևեն այդ օրինակին՝ մինչև ուրբաթ օրվա ոգեկոչման արարողությունները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակը երկուշաբթի օրը ասել է, որ Բեռլինի կառավարությունը օժանդակում է պառլամենտի կողմից բանաձևի ընդունումը, որը պլանավորված է անցկացնել ուրբաթ օրը: Այս բանաձևը հռչակում է, որ հայերի կոտորածը ցեղասպանություն է:
Եվրոպական պետություններից շատերը արդեն ընդունել են այս եզրույթը և դատապարտել օսմանյան հանցագործությունները: Շվեյցարիան, Իտալիան, Հունաստանը և Սլովակիան քրեորեն պատժելի են համարում Հայոց Ցեղասպանության ժխտումը:
2008 թվականի ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Բարաք Օբաման կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, սակայն խուսափեց այս եզրույթը կիրառել ԱՄՆ-ի անունից՝ խուսափելով թուրքերի հակազդումից, ովքեր Հյուսիսատլանտյան Միությունում և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցն են:
Սակայն Վատիկանում և Բեռլինում կատարված տեղաշարժերի արդյունքում վերլուծաբանները ենթադրում են, որ Օբաման ուրբաթ օրը զոհերի ոգեկոչման արարողությունների ժամանակ կարող է օգտագործել «ցեղասպանություն» բառը: