Ֆլամանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/04/Flamandia-300x225.jpg)
Ֆլամանդիայի խորհրդարանը (Բելգիայի կազմում գտնվող – խմբ.) գրեթե միաձայն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել: Բելգիական HLN պարբերականի փոխանցմամբ, երեք պատգամավոր ձեռնպահ է քվեարկել: Հիշեցնենք, որ Բելգիան համապետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռեւս 1998 թվականին:
Ըստ NEWS.am-ի` բանաձեւի տեքստը հիմնված է վերջերս Եվրախորհրդարանի ընդունած նույնանման փաստաթղթի վրա: Դրանում պատգամավորները ֆլամանդական կառավարությանը կոչ չեն անում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել թուրքական կառավարությանը, սակայն, ըստ պարբերականի, դրանից հստակ հետեւում է, որ Ֆլամանդիայի խորհրդարանը հավանության է արժանացնում ճանաչման ուղղությամբ Թուրքիայի ցանկացած ջանք:
Բանաձեւի գլխավոր ուղերձը, նախաձեռնwւթյան հեղինակ Քարիմ վան Օվարմեյրեի խոսքով, հաշտեցումն է: «Այս բանաձեւով մենք ցանկանում ենք առաջ նայել: Ֆլամանդիայի կառավարությանը կոչ ենք անում Հայաստանին եւ Թուրքիային եվրոպական ժողովուրդների հաշտեցման հաջող օրինակներ ներկայացնել, որոնք կարող են ապագայի ծրագիր ծառայել: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններ հաստատվեն դիվանագիտական շփումների ուղիով»,- հայտարարել է պատգամավորը: