Չինաստանը Հայաստանին հատկացրել է «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ

Զբոսաշրջության բնագավառում Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները մտնում են նոր փուլ:

ՉԺՀ կառավարության կողմից արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանին «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակի (Approved Destination Status – ADS) շնորհման մասին և ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում հետագա ընթացակարգերի ապահովման ուղղությամբ, գրում է Արցախպրեսը: Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից հայ-չինական համագործակցության ակտիվացման ու ամրապնդման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը կընդունի «Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպում ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այն ընդգրկված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

Համաձայն ՉԺՀ օրենսդրության` Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություններ հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք ՉԺՀ կառավարության կողմից ստացել են հատուկ` «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ (Approved Destination Status – ADS): ՉԺՀ կառավարության կողմից երկրներին ADS կարգավիճակ է շնորհվում կառավարությունների միջև երկկողմ համապատասխան հուշագրի շրջանակներում:

2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի միջև Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» Փոխըմբռնման հուշագիրը:

 

Scroll Up