Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ:

Ինչպես Մեդիամաքսի թղթակցին հայտնել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ավստրիական խորհրդարանում ներկայացված 6 քաղաքական խմբակցությունների ընդունած միացյալ հայտարարությունում նշվում է, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները եղել են «ցեղասպանություն»:

«Բանաձեւում նշվում է նաեւ Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պատասխանատվության մասին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան եւ Գերմանական կայսրությունը Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին»,-  ասել է Պետո Դեմիրճյանը:

Նա հավելել է, որ վաղը Ավստրիայի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պետո Դեմիրճյանի խոսքով՝ ապրիլի 24-ին Ավստրիայի պաշտոնական պատվիրակությունը Երեւանում կներկայացնի ՀՀ-ում Ավստրիայի դեսպանը:

Scroll Up