Ֆլեշ մոբ՝ հանուն Անի քաղաքի փրկության
Այսօր Հանրապետության հրապարակում 1500 պատանիների մասնակցությամբ տեսի ունեցավ ֆլեշ-մոբ՝ «Հայոց Անին վտանգված է» խորագրով: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ը: Նախագծի հեղինակն է շուրջ յոթ տարի հեռուստաեթերում ցուցադրվող «Հայ ասպետ» հաղորդման կազմը: Ֆլեշ մոբին մասնակցեցին պարային խմբեր ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, սփյուռքի հայ համայնքներից:
Ծրագիրը մեկնարկեց եկեղեցու զանգերի ղողանջների տակ հրապարակում իրենց տեղերը զբաղեցրեցին 1500 պատանիներ եւ սկսվեց 5 րոպեանոց նստացույցը: Այդ ընթացքում հրապարակում տեղակայված մոնիտորին ցուցադրվեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ներկայիս վիճակի մասին պատմող տեսաֆիլմ եւ 5 լեզվով ուղերձ հնչեց. այն է` պայքար Անի քաղաքի եկեղեցիների վերանորոգման թուրքական տարբերակների դեմ և Ցեղասպանության 100-րդ տարելից:
Այնուհետ հնչեց «Դարձիր, իմ Անի» երգը և սկսվեց պարացույց, որի ավարտին սպիտակ և մանուշակագույն թաշկինակների թափահարումով ամբողջ հրապարակում նկարվեց հսկա սպիտակ խաչ՝ մանուշակագույն ֆոնի վրա: Պարացույցի ավարտից հետո «Տեսնեմ Անին» երգի տակ սպիտակ շորեր հագած հրեշտակ-փոքրիկները բոլոր մասնակիցներին բաժանեցին մոմակալով վառվող մոմեր: Այնուհետեւ «Սուրբերու աչեր» երգի տակ բոլոր մասնակիցները դանդաղ հեռացան հրապարակից՝ իրենց փոխարեն թողնելով վառվող մոմերը: Դրանից հետո վառվող մոմերի շարքերով անցան հրեշտակները և կարմիր կակաչներ շաղ տվեցին ամբողջ հրապարակում, որպես թափված անմեղ արյան խորհրդանիշ: