Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ կքննարկի

Ավստրիայի խորհրդարանը առաջին անգամ ցանկանում է Հայոց ցեղասպանության հարցում իրերն իրենց անուններով կոչել։  Եկող շաբաթ Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը (ÖVP ) ու Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPÖ) խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ են ներկայացնելու։ Այս մասին ըստ NEWS.am-ի՝ տեղեկացնում է Wiener Zeitung ավստրիական պարբերականը։

Բանաձեւի տեքստը դեռ չի հրապարակվում։ Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը դնելու առաջարկով հանդես են եկել  ÖVP խմբակցության ղեկավար Ռայնհոլդ Լոպատկան եւ SPÖ-ի անդամ  Անդրեաս Շիդերը։

Ավստրոհունգարիան եւ Գերմանական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացված Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներն էին։ Բեռլինն ու Վիեննան տեղյակ էին հայերի զանգվածային ջարդերի եւ տեղահանությունների մասին, սակայն  չմիջամտեցին այդ հանցագործությունները  կանխելու համար, գրում է պարբերականը։

Scroll Up