Քիմը՝ Երևանի ճանապարհին. գնում է` հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին. The Guardian
Միջազգային մամուլում մեծ արձագանք է գտել Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան: Հայտնի The Guardian պարբերականը «Քիմ Քարդաշյանը Երևան է ճանապարհվում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել: Այս մասին գրում է yerkir.am-ը:
«Նա ճանապարհորդություն իրականացրել է` նշելու Օսմանյան կայսրության օրոք էթնիկ հայերի սպանության 100-րդ տարելիցը»,-գրել է թերթը: The Guardian-ը հիշեցրել է, որ Հայաստանում կլինեն «Keeping Up With The Kardashians»-ի նկարահանումներ, սակայն չեն լինի պաշտոնական հանդիպումներ կամ մամուլի ասուլիսներ: Թերթը նշում է, որ Երևանում Քիմը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: «Նրա հանգուցյալ հայրը՝ Ռոբերտը, 3-րդ սերունդ ամերիկահայ էր և հաճախ հրապարակավ սատարել է Օսմանյան կառավարության կողմից հայերի սիստեմատիկ բնաջնջման փաստի միջազգային ճանաչմանը: ԱՄՆ կառավարությունը, ըստ երեւույթին, զգուշանում է Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնելուց, քանի որ դեռ 22 երկիր է այդ իրադարձությունը ճանաչել որպես ցեղասպանություն, թեև 43 ամերիկյան նահանգներ ևս ճանաչել են»,- գրել է թերթը՝ նշելով, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ «ցեղասպանություն» բառն այդ սպանությունների համապատասխան եզրույթն է: Եզրափակելով հոդվածը՝ պարբերականը հիշեցրել է 2011 թվականին Քարդաշյանի՝ ամերիկացիներին ուղղված` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը. «Քանի դեռ այս հանցագործությունը ճշմարիտ եւ արդարացի լուծում չի գտել, հայ ժողովուրդը պիտի ապրի այն ցավով, որը տեղի է ունեցել իրենց ընտանիքների հետ, եւ վախով, թե ինչ կարող է տեղի ունենալ եւս մեկ անգամ իրենց հայրենիքի հետ»: