Ռուսաստանի 600-ից ավելի քաղաքներ կմիանան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիաներին

Ռուսաստանում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի քանի հարյուր միջոցառումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 6-ին լրագրողներին պատմել Է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը: «Ռուսաստանի 640 քաղաքներում տեղի կունենան հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ հիշատակի համերգը Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններ քաղաքական գործիչների, Գիտությունների ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ»,-նշել Է նա: «Ռուսաստանը եղբայրաբար կիսում Է ձեր վիշտը»,-հավելել Է Աբրահամյանը:
Ապրիլի 22-ին Մոսկայի սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կներկայացնի «Ոտքի՝ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիան՝ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման կներկայացնի վավերագրական վկայություններ, որոնք հավաքվել են Բեռլինի 1921 թվականի արխիվի հիման վրա:
Բացի այդ, ապրիլին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղի կունենա «Ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության մեջ» ընդգրկուն գիտական խորհրդաժողովը: Նաեւ Մոսկվայում կազմակերպվում են լուսանկարների ցուցահանդեսներ, հիշատակի համերգներ եւ ողբերգությանը նվիրված կինոցուցադրություններ:
Արա Աբրահամյանը հայտարարել Է, որ հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, անխուսափելի պատմական գործընթաց Է: «Հայերն այսօր ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, մենք բոլորս հասկանում ենք, որ ցեղասպանությունը նախաձեռնել են քաղաքական գործիչները»,-նշել Է նա: