«Թուրքիան 1915թ-ի դևից չի ազատվի». Zenith

Գերմանական Զենիթ (Zenith) պարբերականը Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված հրապարակել է ամբողջական տեղեկանք, որտեղ շոշափվել է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Գերմանիայի դերը այդ իրադարձությունների ժամանակ, գրում է Panorama.am-ը:
«100 տարի է անցել, սակայն Հայոց ցեղասպանությունը մշտապես երկաթի պես շիկացած է և դուրս է գալիս բոլոր հետազոտությունների և հիշողությունների սահմաններից»: Այսպիսի ընդգծումով Zenithonline-ը անդարդարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և ներկայացրել է ցեղասպանության մասին տեղեկանքի համառոտ բնութագիրը: Ըստ պարբերականի` այդ աշխատանքը «պատասխանել է հարցին` ինչու՞ է պատմական պատասխանատվության հարցն այդքան գերքաղաքականացված»:
«2014թ-ի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Ժնև կանտոնի Պետական խորհուրդը անսովոր հստակությամբ հայտարարեց, թե մի քանի շաբաթ և ամիս շարունակ ինչպիսի ճնշումների է ենթարկվում: Ճնշումների պատճաը Հայոց ցեղասպանության համար նախատեսված հուշարձանն էր, որը պետք է տեղակայվեր ՄԱԿ-ի պուրակում` նախագիծ, որը թեժ քննարկումների թեմա դարձավ», – գրում է պարբերականը:
Պարբերականը նշում է, որ Պետական խորհուրդը որպես Խորհրդարանի հարցման պատասխան` այդ ճնշումները որակել է «քողարկված սպառնալիք»` ուղղված կանտոնի և ողջ Շվեյցարիայի դեմ, որը «ուղղված է դիվանագիտական բարձր մակարդակներից»: Այն, որ Ժնևի համապատասխան մարմինները, վերջապես, որոշում են հուշարձանի համար տրամադրել մեկ այլ տեղ, ըստ պարբերականի` ցույց է տալիս, թե ինչ ճնշումներ են գործադրվել նրա նկատմամբ:
«Հարյուր տարի առաջ Անատոլիայում հայկական մշակույթի ոչնչացումը ոչ թե պատմական, այլ զուտ քաղաքական խնդիր է: Դա երևում է ոչ միայն Ժնևի օրինակով», – գրում է պարբերականը և ներկայացնում Ֆրանսիայի օրինակը, որտեղ թեև օրենքով պատժվում է ցեղասպանության ժխտումը, սակայն հաճախ թուրքամետ ցուցարարները բողոքի ակցիաներ են կազմակերպում:
Հրապարակման համաձայն` Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման ծրագրի պետականորեն մշակված լինելու փաստը ներկայումս չվիճարկվող պատմական իրողություն է, սակայն այն այժմ կարող է բազմաթիվ դիվանագիտական բախումների առիթ դառնալ: Նման գերքաղաքականցվածությանը նպաստում է նաև այն, որ երկու կողմերն էլ մեծ ծավալների ռեսուրսներ են ներդնում փաստը ճանաչելու և մյուս կողմից` ժխտելու ուղղությամբ:
Ռեպորտաժը պատրաստելու համար պարբերականի գլխավոր խմբագիր Քրիստիան Մայերը և լուսանկարիչ Էնդի Սթայրան ճանապարհորդել են Հայաստանում և Թուրքիայում: Նրանց հետազոտության եզրակացությունը հետևյալն է` «Թուրքիան 1915թ-ի դևից չի ազատվի»: