Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ ուղեցույցներ՝ ուսուցիչների և լրագրողների համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, գիրք նվիրելու օրվա խորհուրդն օգտագործելով, փետրվարի 19-ին լրագրողների և ուսուցիչների դատին է ներկայացրել նրանց համար նախատեսված ձեռնարկները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու և լուսաբանելու նախընտրելի ուղիներ նախանշող ուղեցույցները լույս են տեսել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ ջանքերով: Մինչ ձեռնարկների լույս ընծայումը թանգարան-ինտիտուտում կայացել են դասընթացներ լրագրողների և ուսուցիչների համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի խոսքով` ուսուցիչներն ու լրագրողները հասարակության երկու ազդեցիկ խմբեր են, որոնք ձևավորում են արժեհամակարգ, սերունդներին գաղափարներ, տեսլականներ են փոխանցում: Հետևաբար, նրանց համար նախատեսված ձեռնարկները կնպաստեն Հայոց ցեղասպանության թեմայի ճիշտ ներկայացմանը մի կողմից` կրտսեր սերնդին, մյուս կողմից` արդեն հասուն քաղաքացիներին:

Սուրեն Մանուկյանը նշել է այն առանցքային կետերը, որոնք պետք է շեշտադրել Հայոց ցեղասպանության թեման ներկայացնելիս: «Ես կարծում եմ, որ հարկի և անհարկի պետք չէ օգտագործել «ցեղասպանություն» բառը: Այն դարձել է հասարակ տերմին, որով բացատրում են մի որևէ մեծ հանցագործություն: Սրանից պետք է խուսափել, քանի որ ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենամեծ ոճիրն է, որն ունի իրավաբանական գնահատական ու սահմանում»:

Բացի այդ` Սուրեն Մանուկյանը խորհուրդ է տվել, որ լրատվամիջոցները չսահմանափակվեն միայն 1.5 միլիոն զոհերի մատնանշմամբ, այլև ներկայացնեն անհատների պատմություններ: «Մենք պետք է հասկանանք, որ 1.5 միլիոնից ամենը մեկը ունեցել է մեկ մարդկային ճակատագիր ու պատմություն: Երբ մենք ներկայացնոմ ենք նյութը մեկ մարդու պատմությամբ, դա ավելի ազդեցիկ է:

Վերջապես, որոշ կարծարատիպեր կան, որ պետք է վերանան մեզանից: Հայոց ցեղասպանությունը պետք չէ ընդունել միայն որպես մեծ ողբերգություն, առաջին հերթին` այն հանցագործություն է, որն իր իրավական հետևանքները պետք է ունենա: Բացի այդ` այն նաև մեծ ժողովրդի հերոսություն է, հերոսական վերապրում է, ես միայն նկատի չունեմ ինքնապաշտպանական մարտերը, որոնք ինքնին հերոսություն են, այլ նաև մեկ հասարակ հայ կնոջ, հասարակ հայ որբուկի վերապրումը, որը, ամեն ինչ կորցնելով, հետո վերապրել ու ստեղծել է նոր ընտանիք ու ազգի սկիզբ տվել: Սրանք պատմություններ են, որ մեզ պետք է ոգևորեն»,-շեշտել է Սուրեն Մանուկյանը:

Նա տեղեկացրել է, որ գրքերն էլեկտրոնային տարբերակով առկա են նաև թանգարան-ինստիտուտի կայքում, ու ցանկացողները կարող են ներբեռնել:

Դրամաշնորհային ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը շնորհակալություն է հայտնել թանգարան-ինստիտուտին թե′ նշյալ ձեռնարկների, թե′ ցանկացած ծրագրի իրագործման ուղղությամբ աջակցության համար: Նա կարևորել է իրենց գործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ շրջանների դպրոցականների հետ են աշխատել` լրացնելով այն բացը, որը երբեմն առաջանում է պատմության ուսուցիչների պակասի արդյունքում:

«Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» և «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման» ձեռնարկներում առկա են ցեղասպանության վերաբերյալ կոնվեցիաներ, տարբեր փաստաթղթեր, մասնագետների դասախոսությունների տեքստերը:

Scroll Up