Թուրքիան և Հայոց ցեղասպանության ժխտումը. La Nacion պարբերականի անդրադարձը

Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանությունից մեկ դար անց ճշմարտությունը պետք է ճանաչվի ողջ աշխարհի հանգստության համար: Այս մասին ասվում է La Nacion արգենտինական պարբերականի խմբագրական հոդվածում, որը ներկայացրել է Tert.am-ը:
«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել մեկ դար առաջ՝ Օսմանյան կայսրությունում` Երիտթուրքերի կառավարության օրոք` 1915-1923 թվականներին: Այս իրադարձությունն այն նողկալի միջադեպերից է, որը հիշում է համաշխարհային պատմությունը, որը պայմանավորված էր 1.5-2 մլն հայի բռնի տեղահանությամբ:
Հաշվի չառնելով փաստավավերագրական ապացույցները` Թուրքիան մեկ դար շարունակ հերքում է կատարվածը` փորձելով խեղաթյուրել պատմությունը` պնդելով, որ Ցեղասպանություն չի եղել, և թուրքերը մեղավոր չեն:
Այս առումով չպետք է ուշադրություն դարձվի ժխտողական քաղաքականության իրագործմանը, որին ուղղված հերթական քայլն էր ապրիլի 24-ը ազգային տոնակատարության օր հռչակելը` որպես Առաջին աշխարհամարտի ժամանակ Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր:
Չպետք է մոռանանք պատմության այն դաժան պահերը, որոնց զոհ գնաց մեկուկես միլիոն հայ` ամենադաժան ճանապարհով:
Թուրքական կողմը խեղաթյուրում է պատմական իրադարձությունները` դրանք սխալ ներկայացնելով թուրքական հեռուստատեսության համար նախատեսված ֆիլմերում, որոնցից մեկը ցուցադրվում է անգամ մեր երկրում:
Հայոց ցեղասպանությունը չպետք է քողարկվի կամ առավել ևս՝ ջնջվի պատմությունից: Ժամանակն է հասնել նրան, որ Թուրքիայի իշխանությունները ճանաչեն այն»: