Ներսես Սարգիսեան. «Թեև չենք ասում` լքեցե´ք, բայց դժվարությամբ ենք ասում` դիմացե´ք…»

Բոլորն են ծանոթ, թե ինչպիսի իրավիճակ է Սիրիայում: Շատ սիրիահայեր հեռացել են երկրից, սակայն կան մարդիկ, որոնք դեռ շարունակում են մնալ Սիրիայում, փորձում են դիմանալ, դիմակայել դժվարություններին, հույս ունենալով, որ կկարողանան հաղթանակած դուրս գալ այս իրավիճակից, որովհետև… պարտավորություն ունեն: «Հայրենիքից դուրս մեր գոյության իմաստն ազգային կյանքի մեջ դերակատարություն ունենալն է»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասում է սիրիահայ ազգային-հասարակական գործիչ, ատամնաբույժ Ներսես Սարգիսեանն ու շարունակում.
– Մեզ Սիրիային կապողը հիմնականում մեր համայնքն է, մեր գաղութը: Եվ գաղութի կյանքի մեջ դերակատարություն ունենալը բնական երևույթ է յուրաքանչյուրիս համար: Մեր կյանքը չի իմաստավորվի, եթե նման դերակատարություն չլինի: Ինքնանպատակ, պարզապես սիրիացի ապրել գոյություն չունի: Սա հոգեբանություն է, դաստիարակություն, որն անցյալից, պատմությունից է գալիս: Շատ քիչ սիրիահայերի կհանդիպեք, որոնք դերակատարություն չունեն համայնքային կյանքում: Այս է, որ իմաստավորում է մեր հավաքական կյանքը:
– Ի՞նչ է ենթադրում ազգային կյանքով ապրելը:
– Երկու բան: Հայությունը, որպես հավաքականություն, կենդանի մարմին է, որն ապրելու իր օրենքներն ունի, որոնք առնչվում են համահայկական կյանքի հետ: Երկրորդ` այս բոլորի հետ մեկտեղ մենք սիրիացի ենք: Եվ որպես սիրիայի քաղաքացի` մեր ներդրումը, մասնակցությունն ունենք երկրի կյանքում: Այս երկուսը փոխկապակցված, շաղախված են:
Հալեպում երբ հայ երեխա է ծնվում, ընտանեկան մթնոլորտի մեջ մինչև 7-8 տարեկան անգամ արաբերեն չի իմանում: Մեր դպրոցները, ճիշտ է, պետական հովանավորություն ունեն, միայն մի քանի հայերեն դասապահով, բայց ազգային հայկական վարժարաններ են, երեխաներն ամենուր հայերեն են խոսում, մթնոլորտն ազգային է:
Այս է պատճառը, որ համայնքը հայկականությամբ բուրող համայնք է` կապված Հայաստանին և հայկական ընդհանուր կյանքին: Հիշում եմ, Սպիտակի երկրաշարժի, Անկախացումի, Արցախյան պատերազմի օրերին Հալեպի և ընդհանրապես Սիրիայի համայնքը Հայաստանով էր ապրում, մենք կարծես Հայաստանում լինեինք: Բավականին աշխատանք է կատարվել այդ օրերին: Սիրիահայերն անգամ մասնակցություն են ունեցել Արցախի ազատագրական պայքարին: Սիրիահայը եթե չզգար, որ դա իր հայրենիքն է, իր գոյությունը նրա հետ է կապված, այդ ամենը չէր անի:
Բայց պատերազմական այս իրավիճակը շատ բան փոխեց:
– Ինչպիսի՞ն է այսօր համայնքը:
– Հակառակ բոլոր դժվարություններին, համայնքը դեռ չի կորցրել իր կազմակերպվածությունը, փուլ չի եկել: Բոլոր կառույցները` կրթական, մարզական, քաղաքական, մշակութային և այլն, գոյություն ունեն, բայց, ցավոք, սկսել են տկարանալ: Մարդուժը սկսել է հեռանալ Սիրիայից, աշխատողները սկսել են նյութական շահ չունենալ:
Եվ մեկը, ով կենցաղային սուր հարցեր ունի, պետք է նաև ազգային կյանքի մեջ մասնակցություն ունենա: Այս ամենին ավելացել է հավելյալ պարտավորություն, որը գաղութի անվտանգության խնդիրն է: Երիտասարդները, նույնիսկ մեծահասակները, հսկողություններ են կատարում հայկական թաղերում, հաստատություններում:
Եվ ես, որպես ականատես, Հալեպում ապրող, վկայում եմ, որ գաղութը պահել է իր կազմակերպվածության կմախքը, փուլ չի եկել, դասալիք չի եղել: Սակայն, որքան երկարի այս պատերազմը, ի նպաստ մեզ չի լինի:
Բայց հիմա դեռ այդ վիճակը չէ, թեկուզ համայնքի կեսից ավելին այնտեղ չի: Բոլոր հաստատությունները, վարժարանները գործում են, Հալեպում կյանք կա: Պատերազմական այդ ծանր վիճակի մեջ զարմանում ես, թե ինչպես են մարդիկ քով-քովի գալիս, ձեռնարկներ կազմակերպում, նույնիսկ նորարարություններ են կարողանում իրականացնել: Օրինակ` մենք ռադիո չունինք, բայց պատերազմական այս իրավիճակում ռադիո ունեցանք, նպատակ ունենք հաճախականությունը զարգացնել: Երիտասարդներ կան, որոնք դեռ ուզում են նորարարություններ իրականացնել, զարգացնել գաղութը:
Բայց որքան երկարի այս իրավիճակը, ծանր է լինելու համայնքի համար, մարդկանց չես կարող կասեցնել: Ու այդ պատճառով է նաև, որ փոխվել են այսօր մեր լոզունգները: Եթե առաջ ասում էինք` մնացե´ք, պետք է դիմանա´լ: Հիմա թեև չենք ասում` լքեցե´ք, բայց դժվարությամբ ենք ասում` դիմացե´ք, որովհետև ամեն մարդ դիմադրողականության, դիմանալու սահման ունի: Եվ որքան կարճ տևի այս պատերազմը, գաղութը ավելի շուտ կկարողանա վերականգնվել, լիարժեք գաղութի
վերածվել: Հույս ունենք, որ այդպես էլ կլինի, որովհետև սա այնպիսի հարց է, որը մեզանից կախված չէ:
Դժվար է, կացությունը շատ բարդ է Սիրիայում, բայց մարդիկ դեռ շարունակում են դիմադրել, շարունակում են դիմանալ:
– Դուք ինչո՞ւ եք մնացել Հալեպում: Տեղյակ եմ, որ Հայաստան տեղափոխվելու մտադրություն եք ունեցել:
– Այո, պատերազմից առաջ ծրագրել էի տեղափոխվել Հայաստան: Դա հանգիստ պայմաններում մշակված ծրագիր էր: Բայց երբ պատերազմը սկսվեց, ես չցանկացա հեռանալ, որովհետև ես իսկապես կապվածություն ունեմ այդ գաղութի հետ: Ինձ համար որևէ մեկ տեղ, որտեղ էլ որ գնայի, հոգեպես հանգիստ չէի կարող լինել: Սիրիայում մնալն էր, որ ինձ պետք է հանգստացներ: Մեկ այլ երկրում, անգամ Հայաստանում, հնարավոր է ֆիզիկապես հանգիստ լինեի, բայց մտքով և հոգով հանգիստ չէի լինի:
Ինձ անհանգստացնում էր միայն երեխաներիս ապահովությունը: Բայց մեր ընտանեկան պայմաններն այնպիսին են, որ բոլորս մեկ տեղ պետք է լինենք: Եվ… տիկինս ու երեխաներս հանդուրժեցին այս պատերազմը, ո´չ մի օր ես նրանցից գանգատ չեմ լսել: Մեկ օր իրենց բերանը չբացեցին, չդժգոհեցին: Կարողացան գիտակցել, որ սա պատերազմական վիճակ է, և մենք պետք է դիմանանք: Սա ինձ համար առավելություն է…
Մեծ տղաս 14 տարեկան է, փոքրը` 11: Երեխաներ են, բայց դիմանում են ամեն ինչի: Գիտեն, որ հրթիռների պարագայում չպետք է տանից դուրս գան, այսօր այսինչ բանը պետք է ուտեն: Այսինքն, ամեն ինչ տանում են լուռ:
Սակայն մտահոգ եմ, որ այս ամենն ապագայում ազդելու է նրանց հոգեբանության վրա` որպես պատերազմի մեջ մեծացած սերունդ: Նրանք կյանքում դառը փորձառություն ունեցան: Բայց այսուհետ նաև շատ բաների արժեքը կիմանան: Մենք նախկինում շատ բաներ ունեինք, որոնց արժեքը չգիտեինք:
Հիշում եմ, երբ խնջույքներ էինք կազմակերպում, կերակուրների երեք քառորդը թափվում էր, շատ շռայլություններ էինք մեզ թույլ տալիս: Հարուստ պայմաններում չէինք ապրում, բայց, ինչպես ասում են, աչքը կուշտ գաղութ էր: Հիմա այդ մի կտոր հացի արժեքը իմացանք: Հասկացանք, որ այդ մի կտոր հացը կարող է մի օր չլինել, մի օր կարող է ջուր չլինել:
Պատերազմի մեջ մեծացող սերունդն այս ազդեցություններն իր մեջ կրելու է ողջ կյանքում: Ավերածությունների, վայրագությունների պատկերները դրոշմվել են նրանց հոգեբանության մեջ: Բայց, հույս ունեմ, որ կշրջանցեն նրանք այս ամենը, կհաղթահարեն: Ու այս փորձառությունը կօգնի նրանց և դրական ազդեցություն կունենա ապագայում ավելի լավ ճամփա ունենալու համար:
– Իսկ Հայաստան տեղափոխվելու հեռանկարը դեռ կա՞:
– Այո, կա, թեև շատ բան է փոխվել: Երբ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր էի մշակում, այսքան սիրիահայեր Հայաստանում չկային: Եվ բոլորի կողմից միայն քաջալերանք էի տեսնում, երբ մտադրությանս մասին խոսում էի: Հիմա, երբ շատերն են հաստատվել Հայաստանում, պատկերն այլ է: Այսօր անգամ հայաստանցու, ոչ սիրիահայի, հետ երբ խոսում ես ու ասում, որ ուզում եմ Հայաստան գալ, զարմանում են` Հայաստա՞ն ես ուզում գալ: Ամաչում ես ասել` այո: Զարմանում են, որ հնարավորություն ունես գնալու Ամերիկա, եվրոպական երկրներ, բայց նախընտրում ես Հայաստանը: Սա քեզ ինչ-որ չափով ճնշում է:
Բայց կան մարդիկ, որոնք ասում են, որ եթե ցանկանում ես ոչ միայն ֆիզիկական, այլև քո ազգային գոյությունը պահել (ինչը մեր կյանքում հիմնականն է եղել) և գոյատևել ոչ միայն որպես մարդ, այլև որպես հայ, համեմատաբար Հայաստանն է ամենահարմար միջավայրը: Սակայն պայման է, որ ունենաս գոյատևելու նվազագույն պայմաններ:
Մենք չենք ենթադրում ունենալ այն, ինչն Հալեպում ունինք, և պետք չէ այդպես մտածել: Ընդամենն ուզում ենք ունենալ այնքան, որ մարդավայել կարողանանք ապրել: Այսքանը մեզ կբավարարի: Շատերը երազում են Հալեպի ունեցածն այստեղ ունենալ: Կարծում եմ, որ դա էլ ճիշտ չէ: Հայաստանի քաղաքացին էլ դժվարություններ ունի: Եվ հնարավոր չէ Հայաստանում միանգամից ունենալ այն վիճակը, ինչն ունեին Սիրիայում: Բնակարան, եկամուտ, որը քեզ կապրեցնի. սա ինձ կարող է բավարարել:
Սակայն շատերը, դժբախտաբար, գնում են Արևմուտք, պատճառաբանելով, որ այնտեղ երեխաների ապագան ավելի լավը կլինի, լավ կրթություն, աշխատանք կունենան: Բայց ինչը կարող է քեզ վստահեցնել, որ երեխադ կմնա քո´ երեխան, կդառնա հ´այ երեխա: Ցավոք, այսօր մարդիկ այդ մասին չեն մտածում: Մտածում են լավ ապրելու, ապագայում դժվարություններ չունենալու մասին:
– Ամենադժվարն ի՞նչն է այսօր Սիրիայում:
– Առաջինը անվտանգության խնդիրն է, որովհետև չես կարող հանգիստ լինել: Արձակված հռթիռը կարող է ընկնել խաղաղ բնակչության վրա, և տուժողը կարող է լինել ցանկացածը:
Երկրորդը կենցաղային հարցերն են: Ցուրտ ձմեռ է, իսկ մարդիկ վառելանյութ չունեն տաքանալու համար, էլեկտրականությունը օրական 2 ժամ է լինում և շատերը հնարավուրություն չունեն այլընտրաքային միջոցների դիմելու:
Սա է պատկերը: Բայց եթե պատերազմական գործողությունները դադարեն, մարդիկ իրենք իրենց կվերականգնվեն: Սիրիահայերն, իսկապես, ստեղծագործ ջիղ ունեն: Ես նրանցից մեկն եմ, բայց երբեմն զարմանում եմ, թե ինչպես են հնարամիտ ձևով խնդիրներին լուծում գտնում: Միմյանց օգնելու պարագան էլ է շատ հետաքրքիր, հատկապես կազմակերպությունների: Բայց երբեմն խնդիրներն այնքան մեծ են լինում, որ ոչ մի բան չես կարողանում անել: Օրինակ` ջրի, էլեկտրականության խնդիրը:
– Իսկ ի՞նչն է հույս ներշնչում, ո՞րն է այն լուսավոր կետը, որն օգնում է դիմանալ:
– Հույս ներշնչողը նախ մեր քով-քովի լինելն է: Ամեն մարդ իր տան մեջ նստած չի: Երբ այս պայմաններում միասին հավաքվում ենք ու միասնաբար դիմագրավում դժվարություններին, մեծ ուժ ենք ստանում:
Երկրորդ` հեռանկարը, որ եթե դուրս գանք այս ամենից, պողպատից ավելի զորավոր կլինենք, որովհետև ենթարկվեցինք թե´ տնտեսական, թե´ անվտանգության, թե´ ապատեղեկատվական դժվարությունների: Ու մենք այս ամենի հանդեպ դիմադրողականություն ունեցանք:
Եթե գաղութը դուրս գա այս ամենից, հաղթանակի արժեք ունեցող բան կլինի: Սա է մեզ ոգևորում: Եթե հաղթենք, պատերազմը պետք է հաղթած լինենք, մեր ներքին պատերազմը: Այս է մեզ գոտեպնդում, այն հեռանկարը, որ կարողացաք դիմանալ, կարողացանք համայնքը, հաստատությունները պահել, որ համայնքը չփոշիացավ: Թեև այսօր առօրյայում լուսավոր բան չենք տեսնում, բայց մենք դեռ դիմանում ենք: Իսկ լուսավոր բաները, հուսով եմ, որ շուտ կգան…
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը