Հալեպի «Սարյան» ակադեմիայի ղեկավարն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/2.jpg)
Հունվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հալեպի «Սարյան» ակադեմիայի ղեկավար, նկարիչ Հրազդան Թոքմաջյանին:
Հրազդան Թոքմաջյանը 1993 թվականից ՀԲԸՄ հրավերով դասավանդում է Հալեպի «Սարյան» ակադեմիայում՝ միևնույն ժամանակ կազմակերպելով ակադեմիայի ուսումնական գործընթացները: Այսօր «Սարյան» ակադեմիայում սովորում է մինչև 12 տարեկան 30, 12-ից բարձր՝ 20 աշակերտ:
Պարոն Թոքմաջյանն իր հետ Հայաստան է բերել «Սարյան» ակադեմիայի աշակերտների 30-ից ավելի նկարչական աշխատանքները, որոնք Հալեպում ցուցադրվել են «Տագնապալի օրեր Հալեպ» խորագրով:
Ողջունելով հյուրին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սիրիայի հայ համայնքի կյանքում և հայապահպանության գործում Հրազդան Թոքմաջյանի ներդրած ջանքերը: Նախարարը կարևորեց նաև նրա առաքելությունը համայնքում հոգևոր արժեքների պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: Որոշվեց Հալեպի «Սարյան» ակադեմիայի աշակերտների աշխատանքների ցուցահանդես կազմակերպել նաև Երևանում:
Թոքմաջյանը անհատական և խմբային բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Սիրիայում և Լիբանանում:
Հրազդան Թոքմաջյանը 2007թ.-ից զբաղվում է նաև ազգագրական ուսումնասիրություններով, 2011թ Հալեպում հրատարակել է «Մարաշի ասեղնագործություն» գիրքը (հրատարակիչ՝ Հալեպի Մարաշի հայրենակցական միություն): 2014թ. Մեծի Տանն Կիլկիո Կաթողիկոսության Բերիո թեմի աջակցությամբ հրատարակել է «Ուրֆայի ասեղնագործություն» գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հալեպի Կրթասիրաց մշակութային միության աջակցությամբ 2015թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի «Տիգրան Մեծ» տպարանում, տպագրության է պատրաստվում Հրազդան Թոքմաջյանի երրորդ ուսումնասիրությունը՝ «Այնթապի ասեղնագործություն» խորագրով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով հայերի համար ստեղծված ծանր վիճակին առնչվող հարցեր: