«Արի տուն-2014».«Սիրում եմ Հայաստանի ջերմ արևը…»

Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցների այցը Հայաստանի պատմական և տեսարժան վայրեր : Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդավանք այցի ընթացքում արիտունցիներից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
Անահիտ Ավետիսյան, 14 տարեկան,Մոսկվա
Ծնվել եմ Երևանում և մինչև Մոսկվա գնալս սովորել եմ հայկական դպրոցում: Երեք տարի առաջ ընտանիքով տեղեփոխվեցինք Մոսկվա, որտեղ ես սովորում եմ 9-րդ դասարանում: Բայց այս տարի եկել եմ Հայաստան, որպեսզի քոլեջ ընդունվեմ:
Երկու օր է արդեն շրջագայում եմ «Արի տուն» ծրագրի հետ ու արդեն հասցրել եմ ձեռք բերել լավ ընկերներ: Այստեղ եմ, որպեսզի հիշեմ ու չմոռանամ իմ հայրենի պատմությունը: Շատ եմ ուզում, որ ընտանիքով մնանք այստեղ ապրելու: Շնորհակալ եմ «Արի տուն» ծրագրի կազմակերպիչներին՝ աշխարհի տարբեր ծայրերից եկած իմ հայրենակիցների հետ շփման հնարավորության համար :
Ազատ Մկրտչյան, 14 տարեկան , Հոլանդիա
«Արի տուն» ծրագրին մասնակցելու եկել եմ քույրիկիս` Աննա Մկրտչյանի և մեր բարեկամուհու հետ. նրա անունը նույնպես Աննա է: Ծրագրի մասին մայրիկիս պատմել է մեր բարեկամուհին, նա էլ ինձ և քույրիկիս գրանցել է ծրագրում: Ես եկել եմ Հայաստան, որպեսզի տեսնեմ Հայաստանի պատմամշակութային վայրերը, ինձ հատկապես հետաքրքիր է Գառնու հեթանոսական տաճարը:
Հոլանդիայում տանը միշտ հայերեն ենք խոսում, որպեսզի ես և քույրիկս հիշենք ու չմոռանանք մեր հայկական արմատների մասին: Այնտեղ բոլորը գիտեն, որ ես հայ եմ, որովհետև ես համարյա միշտ հագնում եմ հայկական դրոշի գույներով հագուստ: Ուզում եմ Հոլանդիայում ուսում ստանամ, հետո նոր վերադառնամ Հայաստան ապրելու:
Արթուր Հովակիմյան, 13 տարեկան, Մոսկվա
Ծրագրին մասնակցում եմ, որպեսզի ծանոթանամ մեր հինավուրց եկեղեցիների պատմությանը, սովորեմ հայերեն ավելի լավ խոսել ու գրել, և ի վերջո վայելեմ Հայաստանի ջերմ արևը: «Արի տուն» ծրագրի մասին լսել եմ համացանցից, հետո ծանոթներիցս մեկն ավելի մանրամասը պատմեց ծրագրի մասին, ես էլ որոշեցի եղբորս` Դավիթ Հովակիմյանի հետ մասնակցել ծրագրին:
Այստեղ, բացի նոր գիտելիքներից, ծանոթանում եմ տարբեր երկրներից ժամանած իմ հասակակից երեխաների հետ: Արդեն ընկերացել եմ Բստոնից Արսենի հետ: Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ : Արսենի հետ պայմանավորվել ենք մի օր միասին ֆուտբոլ խաղալ: Երազանքս է լավ ֆուտբոլիստ դառնալ :
Արսեն Պատվականյան, 18 տարեկան, Բոստոն
Ես ծնվել եմ Բոստոնում, այնտեղ հաճախել եմ հայկական դպրոց: Ինչպես Գառնու տաճարի, այնպես էլ Հայաստանի այլ պատմամշակութային վայրերի մասին սովորել եմ դպրոցում, իսկ ծրագրին մասնակցելով` ավելի ամրապնդեցի գիտելիքներս: Հայստանում ամեն ինչ ինձ դուր է գալիս, հատկապես մարդկանց ջերմ հայացքները միմյանց բարևելիս: Հուսով եմ մյուս տարի ևս ամառային արձակուրդներս կանցկացնեմ «Արի տուն» ծրագրի հետ :
Երբ վերադառնամ Բոստոն, ընդունվելու եմ համալսարան: Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ. Բոստոնի հայկական ֆուտբոլային թիմի կազմում եմ հանդես գալիս : Շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը նման հնարավորության համար:
Պատրաստեց Տաթև Դավթյանը