Գլենդելի «Կոմիտաս» երգչախումբը հյուրընկալվեց Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/IMG_8505-1.jpg)
Ողջունելով հյուրերին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ուրախությամբ նշեց. «Ուրախ եմ, որ միջին տարիքի եք: Շատ կարևոր է, որ մարդ իրեն նվիրում է մշակույթին ու ճիշտ է անցկացնում ժամանակը, ավելի երիտասարդ է մնում: Ինձ դուր է գալիս ձեր երգչախմբի անունը: Կոմիտաս նշանակում է հայ երգի արքա, երգի Մաշտոց, ցեղասպանության խորհրդանիշ: «Կոմիտաս» անունը կրող երգչախումբը չի կարող լավ չերգել»:
Նախարարն անդրադարձավ Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, նա մասնավորապես ասաց. «Սփյուռքում, հատկապես Ամերիկայում հայ մնալու խնդիր ունենք: Աճող սերնդի համար կարևորը օրինակն է: Ես գնահատում եմ օրինակի ուժը, որով սերունդ ենք դաստիարակում, հայ ենք պահում: Երեխան պետք է գոնե մեկ անգամ Հայրենիքը տեսնի: Մենք իրավունք չունենք մեր սերունդը ձուլելու, վերացնելու»:
Նախարարը վստահություն հայտնեց, որ «Կոմիտաս» երգչախումբը կզարդարի փառատոնը, իր ելույթով կոգևորի մյուս երգչախմբերին: Երգչախումբը հանդես կգա նաև մենահամերգով:
Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միության «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2004թ.` հայ մշակույթն ու հայ լեզուն պահպանելու նպատակով: 48 հոգանոց երգչախումբը համերգներ է ունեցել Կալիֆորնիայի Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում, մասնակցել է բազմաթիվ միջոցառումների և պարգևատրվել մրցանակներով ու պատվոգրերով: 2014թ. դեկտեմբերին «Ալեքս» համերգասրահում տեղի կունենա երգչախմբի հերթական համերգը: