Ջավախքի երեխաներն իրենց ամառային հանգիստն անցկացրին Հայաստանում
Հունիսի 20-ից մինչև հուլիսի 9-ը Ջավախք աշխարհի 150 երեխաները գտնվում էին Հանքավանի ճամբարներում` անմիջական աջակցությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի և հայրական օրհնությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի Հանքավանում հանգստանում էին Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա:
Ջավախքի՝ Ծալկա, Նինոծմինդա, Ախալքալաք և Ախալցիխե բնակավայրերից շուրջ 150 երեխաներ բացառիկ հնարավորություն ունեցան իրենց ամառային հանգիստն անցկացնել Հանքավանի «Արագած» և «Հեքիաթային կիրճ» ճամբարներում: Ճամբարային 20 օրերի ընթացքում նրանք շփվեցին ու ընկերացան Արցախից և Հայաստանից ժամանած իրենց հասկակիցների հետ:
Այս 20 օրերի ընթացքում երեխաները ձեռք բերեցին նոր ընկերներ, խաղացին տարբեր՝ ինտելեկտուլ և ժամանցային խաղեր, մասնակցեցին մրցույթների, ակտիվության և իմացության համար պարգևատրվեցին պատվոգրերով: Սա մի յուրահատուկ փորձաշրջան էր իրենց կյանքում, անհատը խմբի մեջ դրսևորվելու և կայանալու եզակի առիթ:
Ջավախքում ծրագրի իրականացմանն իրենց անուրանալի ներդրումն ունեցան՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության երիտասարդական, մշակութային և կրթական հարցերով պատասխանատու Անի Մինասյանը, Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանը, Դիլիսկայի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Տիգրան քահանա Մխիթարյանը, Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, Նինոծմինդայի Սբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալցիխեի հոգևոր տեսուչ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը, Ախալցիխեի հայկական երիտասարդական կենտրոնը, Ծալկայում Սամվել Խումարյանը և այլոք:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան