Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը

Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ատյանի անդամ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրեց վերջերս Ֆրանսիա և Հունաստան կատարած իր աշխատանքային այցերի արդյունքները, նշեց, որ Ֆրանսիայի Վիեն և Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքների միջև կնքվել է բարեկամության հռչակագիր: Նա կարևորեց Արցախի և արտերկրի տարբեր բնակավայրերի հետ նման հուշագրերի կնքումը ԼՂՀ ճանաչման գործընթացում, այս համատեքստում Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը:

«Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում  «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի կատարման ընթացքի և կազմակերպչական, բովանդակային խնդիրների մասին զեկուցեց Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա ներկայացրեց համայնքի համառոտ պատմությունը և ծրագրում ներառված միջոցառումները: Երգչուհի Աննա Մայիլյանը առաջարկեց ծրագրում ընդգրկել նաև իր նախաձեռնությամբ կազմակերպվող՝ իրանահայ երգահանների ստեղծագործությունների համերգը և իրանահայ նկարիչների ստեղծագործությունների ցուցադրությունը: Առաջարկությունն ընդունվեց ատյանի կողմից:

ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍՆ աշխատակազմի զեկավար Ֆիրդուս Զաքարյանը:  Նա ներկայացրեց նաև 2014թ ծրագրում տեղ գտած փոփոխություններն ու առանձնահատկությունները. առաջին անգամ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան  այցելելու  հայաստանյան ձեռնարկություններ:

Ստորագրվել է  համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և «Դեպի Հայք» հիմնադրամի միջև: Կազմակերպությունն առաջարկում է  հայոց լեզվի անվճար դասընթացներ, շրջապտույտներ, սեմինարներ: Այս ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է 2004 թվականից, հնարավորություն է  տրվում 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և կամավորական աշխատանքի միջոցով իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման գործում, միաժամանակ կապեր ստեղծել Հայրենիքում, ինչպես նաև անցկացնել մասնագիտական պրակտիկա: «Դեպի Հայք» ծրագիրը կլինի  «Արի տուն»  ծրագրի յուրօրինակ շարունակությունը: Այս տարի առաջին անգամ ծրագրին կմասնակցեն ԼՂՀ-ից 80 պատանիներ և աղջիկներ (ճամբարային օրերին): Սիսիան քաղաքի «Երիտասարդության մայրաքաղաք» հռչավելու կապակցությամբ ճամբարային փուլին կմասնակցի 15 սիսիանցի երեխա:

Թուրքիայի Դերսիմ քաղաքից ծրագրին մասնակցելու է 45 հոգուց բաղկացած իսլամացած մեծահասակ, քրդախոս հայերի խումբը:

ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը պատրաստակամություն հայտնեց ծրագրի 80 մասնակիցների հյուրընկալել Արցախում:

Սփյուռքահայերի ինտեգրման 2013թ. ծրագրի ամփոփումը և 2014թ.  ծրագրի բովանդակությունն ու դրա հետ կապված առաջիկա անելիքները ներկայացրեց Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Ստեփանյանը: Նա ներկայացրեց նաև սիրիահայերին աջակցելու նպատակով իրականացված միջոցառումները, ծրագրերը,  մի շարք իրավական փոփոխություններ:

ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի անցած մեկ տարվա (01.03.2013–01.03.2014թթ.) աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր  խմբագիր Հ. Կարապետյանը: Նա խոսեց պարբերականի կատարելագործման ուղղությամբ տարված աշխատանքների և դրանց շնորհիվ արձանագրված դրական տեղաշարժերի ու առաջիկա անելիքների մասին:

IMG_5517-1                                                      IMG_5572-1

IMG_5579-1                                                      IMG_5640-1

Scroll Up