Քեսապցի տեղահանվածներին շուտափույթ օգնություն է անհրաժեշտ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասից երեք քահանա է ուղարկել Լաթաքիա, որպեսզի նրանք տեղում իրականացնեն քեսապցի տեղահանված ընտանիքների կարիքների և իրավիճակի գնահատումը: Այս մասին ՍիվիլՆեթին հեռախոսազրույցում տեղեկացրեց Լիբանանի «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Սերոբ Օհանյանը:

Օհանյանի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը Լաթաքիայում ենթակոմիտե է ստեղծել իրենց տները լքած Քեսապի հայերի համար: Նախնական գնահատականներով՝ Լաթաքիայում ներկայում Քեսապից 600 ընտանիք կա, որոնց մի մասը հանգրվանել է բարեկամների մոտ, մյուսները՝ տեղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սիրիայի Կարմիր մահիկի ընկերությունը նույնպես օգնություն է տրամադրում: Իրավիճակի մասին տեղեկացվել է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին:

Սիրիայի կարմիր մահիկի ընկերությունը տրամադրում է վերմակներ, ներքնակներ, իսկ հայ համայնքը հասցնում է սնունդ, ջուր և հոգում սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Հայ Առաքելական Եկեղեցու քահանա հայր Միրոն Ավետիսյանը և Հայ ավետարանչական եկեղեցու գերապատվելի Սևակ Թրաշյանը տեղեկացրել են, որ ֆինանսական շուտափույթ օգնության անհրաժեշտություն կա:

Սերոբ Օհանյանի խոսքով՝ հայ ընտանիքներից շատերը, որոնք հարձակման հենց սկզբում են փախել Քեսապից, ամբողջովին անպատրաստ են եկել, և նրանցից ոմանք անգամ անձնագրեր կամ նույնականացման փաստաթղթերը չեն հասցրել վերցնել իրենց հետ: «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրենի խոսքով՝ Հալեպի շտապ օգնության մարմինը ամեն ջանք գործադրում է հայ տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար:

Մանրամասները՝ civilnet.am կայքում:

Scroll Up