Երբեք այս քանակությամբ կրակոցներ չեն եղել. Սեյրան Օհանյան

Շուրջ երկու օր է՝ լարվածությունը սահմանին հասել է գագաթնակետին, երբեք այս քանակությամբ կրակոցներ չեն եղել: Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունների հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության ժամանակ՝ «Եռաբլուր» պանթեոնում։

«Հասկանալի է, որ մտավախություն ունեն, որ պատասխան կտանք, ու պատասխան լինելու է, մենք պահը կգտնենք»,- ասաց նախարարը։

Ըստ Սեյրան Օհանյանի, առաջին համարժեք պատասխանը հակառակորդին տվեցին Արմենն ու իր ընկերները՝ հերոսաբար մարտնչելով. «Հակառակորդը կրեց ծանր կորուստներ՝ մի քանի զոհ, քսանից ավելի վիրավոր»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով, որ մեր տղաները հետ են մղել հակառակորդի հատուկ պատրաստվածության ստորաբաժանումներից կազմված երեք խմբի. «Պետք է ընդգծենք, որ Արմենի կատարած սխրանքը հերոսություն է, եւ սա պետք է մեզ պարտավորեցնի լինել մեր հայրենիքի սահմանների նկատմամբ չափազանց պատասխանատու, նաեւ վրեժխնդիր՝ նման դեպքերում բազմակի հակահարված տալու»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը, նախարարը պատասխանեց, որ դրանք սադրանքներն են, որոնք նպատակ ունեն միջազգային ասպարեզում ցույց տալ, որ լարվածություն կա, որպեսզի շեղեն բանակցային գործընթացը։

«Ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում չի ցուցաբերում։ Բոլոր սադրանքներն արվում են ադրբեջանցիների կողմից»,- ասաց նախարարը։

 

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am

NEWS.am

Scroll Up