Վարդուհի Լեփեջյան. «Մե՛նք ենք հայկական նվագարանների երկարակեցության պահապանները»

Սփյուռքի հայության ներկայացուցիչները Հայրենիք այցելելիս առաջին հերթին շտապում են լինել սփյուռքահայերի տանը` ՀՀ սփյուռքի նախարարությունում, զրուցել իրենց ծրագրերի, խնդիրների մասին, ներկայացնել հայապահպանությանն առնչվող փոքր ու մեծ ձեռքբերումնրը, խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ: Հենց այդպիսի մի հանդիպման ընթացքում էլ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչությունում մշակույթի, սպորտի և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Գրետա Մնացականյանն ինձ ներկայացրեց Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից Հայաստան ժամանած Վարդուհի Լեփեջյանին, և ծավալվեց  հետաքրքիր զրույց:

–   Տիկի՛ն Լեփեջյան, շատ գեղեցիկ և մաքուր արևելահայերենով եք խոսում…

–   Ես ծնվել և մեծացել եմ Հայաստանում: Սովորում էի Երևանի պետական կոնսերվատորիայում, սակայն 2-րդ կուրսից ընդհատվեց ուսումս, որովհետև ամուսնացա մի հրաշալի արվեստագետ հայորդու` Հայկ Լեփեջյանի հետ, և տեղափոխվեցինք Երուսաղեմ: Մինչ այդ արդեն ավարտել էի երաժշտական դպրոցը և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժինը:

–   Հե՞շտ էր Հայաստանից գնալու որոշում  կայացնելը:

–   Ո՛չ: Շատ դժվար էր այդպիսի որոշում կայացնելը. ես թողնում էի Հայրենիքս, ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս, ուսումս, իմ մասնագիտական կայացման լավագույն հեռանկարները… Այդ ժամանակ նվագում էի ժողգործիքների համույթում անվանի երգիչների` Ֆլորա Մարտիրոսյանի, Էդվարդ Դարբինյանի և այլոց կողքին… Իմ ուսուցիչ Խաչատուր Ավետիսյանն, ինձ սփոփելով, ասաց, որ մի 2-3 տարին առանձնապես ոչինչ չի տա և, ի վերջո, քանոնը միջին արևելյան գործիք է, և Երուսաղեմում էլ ես կարող եմ շարունակել մնալ իմ գործիքի կողքին, ավելի լավ ուսումնասիրել այն… Ես դա արեցի. Երուսաղեմում համերգ ունեցա Ռուսաստանից գաղթած մի հայտնի դաշնակահարուհու հետ, առաջարկ ունեցա մնալու Երուսաղեմում և քանոն սովորեցնելու տեղի Կոնսերվատորիայում, սակայն երկու արու զավակ ունեի արդեն, Պաղեստինի խնդիրը կար, վախեցա նրանց ապագայի համար, և որոշեցինք տեղափոխվել Ավստրալիա, ուր ամուսինս արդեն ապրել էր:

–   Քանի՞ տարի չէիք եղել Հայրենիքում:

–   1980-ից մինչ այսօր ապրում եմ դրսում` 34 տարի: Գնացածս առաջին 8 տարին ամառային արձակուրդներին միշտ Հայաստանում եմ եղել, իսկ 1988-ից, երբ տեղափոխվեցի Ավստրալիա, մինչև 1996թ. Հայաստան չեմ եկել: Նոր երկիր էի գնացել, փորձում էի որպես մասնագետ կայանալ, հաստատվել: Զբաղված էի իմ Կենտրոնի ստեղծմամբ, ուր մոտ 8 տարի քանոն եմ դասավանդել, այնուհետև` երաժշտության տեսություն, հարմոնիա, սոլֆեջիո: 1998-ից հետո եկա Հայաստան` բերելով հայ աշակերտների մի խումբ. համերգ տվեցինք Տեր-Ղևոնդյանի երաժշտական դպրոցում: 2008-ից դարձյալ եղա Հայաստանում, որից հետո այցելություններս ավելի հաճախակի դարձան, իսկ տղաներս, ամուսինս գրեթե ամեն տարի են գալիս Հայաստան:

–   Վարդուհի, ինչպե՞ս է կոչվում Ձեր ստեղծած կենտրոնը:

–   Դա երաժշտական կենտրոն է: Սիդնեյում կան Հայկական բարեգործական ընդհանուր միության ակումբներ, ունենք 3 կուսակցություն, որոնք էլ ունեն իրենց ակումբները, ուր հավաքվում են հայերը: Երբ բացվեց ՀԲԸՄ-ի «Ալեքսանդր» հայկական վարժարանը, որի նվիրատուն է իրանահայ բարերար Ալեքսանդրը, ես սկսեցի երեխաներին սովորեցնել ամենապարզ երգերը. սկսեցինք ամենափոքր քայլերով, քանի որ մինչ այդ ակումբներում միշտ լսում էի շատ բարդ հայրենասիրական երգեր, որոնց բառերը երբեմն երգում էին` առանց ամբողջությամբ հասկանալու իմաստը: Տարիներ շարունակ շրջում էի ակումբից ակումբ, տնից տուն ու մշտական որևէ տեղ չունեի պարապելու… Սկսեցի զբաղվել իմ դպրոցի, կենտրոնի ստեղծմամբ, քանի որ հասցե չունեի, թեև սիրահոժար դասեր էի տալիս… Այդպես ստեղծվեց իմ երաժշտական կենտրոնը` Mastering success-ը…

–   Վարպետաց  հաջողություններ…

–   Շատ լավ ասացիք, այդպես կկոչեմ` Վարպետաց, լավ է հնչում: Ստեղծեցի կենտրոնը, ուր սկսեցին հաճախել թե՛ հայ, թե՛ օտարազգի երեխաներ: Ես դասավանդում եմ քանոն, հարմոնիա, երաժշտության տեսություն, քույրս` ջութակ, Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն ավարտած մի շատ լավ աղջիկ (մայրը օպերային երգչուհի Սուսաննա Խաչատրյանն է, հայրը կոմպոզիտոր է) է նաև դասավանդում:

–   Ի՞նչ գործիքների են ձգտում տիրապետել հայ երեխաները:

–   Այն երեխաները, ովքեր Մերձավոր Արևելքից են, Թուրքիայից, նրանց ծնողները մեծ դժվարությամբ իրենց հետ բերել են քանոն երաժշտական գործիքները. 8 տարի շարունակ այդ երեխաները սովորեցին, 1998-ին եկանք Հայաստան, համերգ տվեցինք: Հաջորդ սերնդի երեխաների հետաքրքրությունները փոխվեցին. ավելի մեծ սեր ունեն դասական գործիքների հանդեպ: Իհարկե, կա սերը քանոնի հանդեպ, բայց գործիքները նորոգման կարիք ունեն, վարպետ-մասնագետներ չկան:

–   Հայկական համայնքում ճանաչվա՞ծ է Ձեր խումբը:

–   Մեր պարապմունքները մասնավոր են, աշակերտները վճարում են: Եթե համայնքում որևէ միջոցառում է կազմակերպվում, որի ընթացքում մեր երեխաների մասնակցության կարիքը կա, մենք ներկա ենք լինում, ելույթ ունենում:

–   Օտարազգի աշակերտները սիրո՞վ են նվագում  հայ կոմպոզիտորների գործերը:

–   Իմ օտարազգի 2 աշակերտներից ավստրալացի Ստեֆանին նվագել է Արամ Խաչատրյանի «Տոկատան»՝ միավորներ հավաքելու և տարեկան տրվող երկու տեղերից մեկը նվաճելու համար, իսկ կորեացի ուսանողս նվագել է Հարությունյանի «Սասունցիների պարը»: Ասեմ, որ մեր հայկական համայնքում շատ տաղանդավոր երեխաներ ունենք:

–   Իսկ Ձեր զավակնե՞րը… Նվագո՞ւմ են…

–   Փոքր տղաս` Ժիրայր Լեփեջյանը, նկարում է (հորից է ժառանգել), գրում է, դա էլ ժառանգել է ամուսնուս հորից` Ժառանգավորաց դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ պարոն Պետրոս Լեփեջյանից, նաև ստեղծագործում է REP ժանրով, երգել է Հայաստանում համահայկական փառատոնի փակման ընթացքում: Մյուս տղաս մարզարվեստի սիրահար է: Երկուսն էլ անչափ հայրենասեր են, մեր ընտանիքն էլ հայախոս է և շատ ավանդապաշտ:

–   Տեղեկացա, որ Դուք նաև շատ ակտիվ կազմակերպչական գործունեություն եք ծավալում համայնքում:

–   Անցյալ տարիներին համայնքում շատ մեծ աշխատանք էի տանում դպրոցների երգչախմբերի հետ, նշանավոր հոբելյանների կազմակերպման գործեր եմ անում: Երբ դրսից, Հայրենիքից գալիս են երաժիշտներ, ես և ամուսինս կազմակերպում ենք համերգները, զբաղվում տոմսերի իրացման հարցով, հյուրընկալում ենք հրավիրվածներին: Ամուսինս հիմնադրամի վարչության անդամ է: Մենք սիրով ենք անում այդ ամենը, քանի որ երաժիշտը, երգիչը տարին մեկ անգամ է գալիս Սիդնեյ, իսկ մենք մեկ տարի շարունակ ապրում ենք այդ համերգի տպավորություններով: Հայկական համայնքը, ակումբները ևս կազմակերպում են համերգներ: Այդ ամենը ժողովրդի ուսերին է` դպրոց, թերթ, ակումբ, եկեղեցի, խմբակներ: Հայերը Սփյուռքում իրենց ուսերին ունեն ոչ միայն հայապահպանության խնդիր, այլև վերը նշված անհրաժեշտ օղակների պահպանման շարունակական ընթացքը: Ես ոչ միայն ինքս եմ հրավիրում և կազմակերպում համերգներ, այլև աջակցում եմ միությունների, ակումբների կողմից կազմակերպված միջոցառումներին: Միշտ մշակութային կյանքի մեջ եմ, սակայն միայն ես չեմ այդ բովում: Ասեմ Ձեզ, որ տիկին Հրանուշի այցից հետո մեր համայնքում մշակութային կյանքն առավել աշխուժացավ. նա կարծես մի անօրինակ ոգևորություն բերեց իր հետ: Հայաստանից շատ երաժիշտներ, երգիչներ են եկել Սիդնեյ` Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), Սոնա Շահգելդյանը, Նունե Եսայանը, ջազ-դաշնակահար Գարիկ Սարիբեկյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի երիտասարդ ուսանողուհի Տաթևիկ Հայրումյանը…

–   Նախարարության երաժշտական ո՞ր փառատոնին է մասնակցություն ունեցել Ձեր ղեկավարած երաժշտական կենտրոնը, համայնքի երիտասարդությունը:

–   Դժբախտաբար, երաժշտական միջոցառումներին չենք մասնակցել, բայց  «Գոլսթըն» վարժարանի աշակերտներից մեկը, որի ուսուցիչը   ամուսինս  է,  հաղթել է նկարչության մրցույթում` ներկայացնելով մի գեղեցիկ խաչ:

–   Ձեր ամուսինը` կիրառական արվեստի վարպետ Հայկ Լեփեջյանը, ունենո՞ւմ է ցուցահանդեսներ…

–   Այո՛: Մի քանի տարին մեկ ցուցահանդես-վաճառքներ է կազմակերպում: Շատ գեղեցիկ գործեր ունի: Տեղի Հայ Առաքելական եկեղեցու բեմի կենտրոնի Տիրամոր և Մանուկ Հիսուսի յուղաներկ-նկարն է արել, և բեմի տակի 12 առաքյալների զարդանախշ աշխատանքն է իրենը:

–   Ի՞նչ առաքելությամբ եք Հայրենիքում այս ցուրտ ձմռանը:

–   Եկել եմ, որպեսզի կարոտս առնեմ Հայրենիքից, տեսնեմ հարազատներիս, այցելեմ իմ հարազատ Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց, որը քույր դպրոց է իմ դպրոցի հետ (մեզ իրար է կապել ՀՀ սփյուռքի նախարարությունը): Անցյալ տարի այդ դպրոցին ուղարկեցինք գրքեր, քանի որ մտադրություն ունեին բացել ջազային բաժին: Իսկապես քույրերի հարաբերություն է:

–   Հայաստանում ամենից առաջ ո՞ւր եք շտապում գնալ:

–   Չզարմանաք. Քանաքեռում` մեր տան դիմաց, մի խաչքար կա, ուր մանուկ հասակում հաճախ էինք գնում և մոմ վառում. հենց այդտեղ եմ շտապում, այցելում ծնողներիս, Քանաքեռի դպրոց, Կոնսերվատորիա, մասնակցում համերգների, լինում Սփյուռքի նախարարությունում: Պիտի հանդիպեմ նաև քանոնի վարպետներից կոմպոզիտոր Ծովինար Հովհաննիսյանին: Պիտի շատ մշակութային օջախներում լինեմ:

–   Ի՞նչը Ձեզ զարմացրեց և զայրացրեց հարազատ քաղաքում:

–   Ամեն ինչ լավ է, բոլոր փոփոխությունները սպասելի են ու չեն զարմացանում: Ինձ հիացնում է երաժիշտների բարձր մակարդակը. ջազային երաժշտությունը բարձր որակ է ապահովում: Ինձ հիացրեց, զարմացրեց հետաքրքրությունը մշակույթի հանդեպ, ինձ զայրացնում են հեռուստատեսային հաղորդումները, հատկապես` երաժշտական: Հայաստանյան եթերում ավելի շատ «աստղեր» կան, քան երկնքում:

–   Չե՞ք մտածել քանոնի փառատոն կազմակերպելու մասին. չէ՞ որ քանոնն էլ կամաց-կամաց հայկական մարող նվագարանների շարքին է դասվում:

–   Շատ կուզեի, սիրով կկազմակերպեի, բայց Ավստրալիայում քանոնահարներին մեկտեղելու համար շատ մեծ ֆինանսներ են հարկավոր, մարդիկ չեն կարող այդքան հեռու գալ. ուրիշ բան է, եթե դա կազմակերպվեր Եվրոպայի կենտրոնում: Քանոնը չկորցնելու համար այն կարելի է ներառել նաև ոչ ժողովրդական գործիքների խմբերում, ասենք` ջազ խմբում: Օրինակ` երեկ Գարիկ Սարիբեկյանի «Էթնո ջազ» խմբի համերգին էի ներկա. նա շատ գեղեցիկ մշակել էր մեր հայտնի երաժիշտների հայկական ստեղծագործությունները, նաև` իր գործերից և դրել էր էթնո-ջազ որակի մեջ. կար քանոնը: Այդպես կարելի է օգտագործել նաև ուդը, թառը և այլ նվագարաններ:

Մե՛նք ենք հայկական նվագարանների, գործիքների երկարակեցության պահապանները:

–   Շնորհակալություն բովանդակալից զրույցի համար:

 

Զրուցեց Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ

 

Scroll Up