Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարարը կարևորել է Մխիթար Հայրապետյանի այցը Կահիրե

Կահիրեում եգիպտահայերին նվիրված միջոցառմանն ընդառաջ՝ Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հետ:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով եգիպտական «Ալ Ահրամ» թերթին, հայտնում է, որ հանդիպմանը ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Կահիրեի քաղաքական խորհրդի ատենապետ Վահե Փլադյանը, Հայ դատի Եգիպտոսի մարմնի պատասխանատու, Կահիրեի թեմական ժողովի անդամ Արմեն Մազլումյանը, Կահիրեի քաղաքական խորհրդի անդամ Մարտիկ Բալայանը:

Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամը ողջույնի խոսքում իր ուրախությունն է հայտնել Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի՝ սեպտեմբերի վերջին Եգիպտոս կատարելիք այցի առիթով: Նախարարը նաև հավելել է, որ այցի շրջանակներում նախատեսվում են քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով եգիպտահայերին նվիրված միջոցառմանը՝ Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարարը նշել է, որ այն կկազմակերպվի ի պատիվ եգիպտահայերի, որոնք դարեր շարունակ ապրել ու արարել են Եգիպտոսում՝ իրենց ներդրումն ունենալով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը:

Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն իր գոհունակությունն է հայտնել կազմակերպվելիք միջոցառման առիթով՝ նշելով, որ եգիպտահայերը միշտ ապրել ու ապրում են Եգիպտոսում՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության պայմաններում: Առաջնորդը հավելել է, որ հայերն իրենց ուրույն տեղն են ունեցել Եգիպտոսի արդի պատմության մեջ՝ նպաստելով նաև Եգիպտոսի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով նպաստում են երկրների միջև համագործակցության ամրապնդմանը` ի բարօրություն երկու բարեկամ  երկրների:

Հայոց թեմի Առաջնորդարան՝ Եգիպտոսի ներգաղթի և արտագաղթածների նախարար Նաբիլա Մաքրամի այցի շարժառիթը «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպումն էր, որը կայացել էր հուլիսին՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի նստավայրում: Հանդիպմանը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ողջունել էր արմատները վերականգնելու նախաձեռնությանը նվիրված միջոցառումները՝ պատրաստակամություն հայտնելով Հայաստանի մասնակցությունն այդ հարցում: Հայաստանի սփյուռքի նախարարը նաև կարևորել էր Եգիպտոսի դերը հայ ժողովրդին հյուրընկալելու գործում:

Scroll Up