Կարևոր հանդիպումներ՝ Սփյուռքի նախարարի աշխատանքային այցի շրջանակներում

Շարունակվում է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել համայնքային և կուսակցական գործիչների, հոգևոր, կրթական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և խորհրդի անդամների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի, Գլենդելի կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արևմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանի, հիմնադրամի աշխատակազմի և բարերարների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք գործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում և Արցախում հիմնադրամի կատարած աշխատանքին:
Հանդիպման ավարտին Սփյուռքի նախարարը ընդգծել է շարունակական երկխոսության կարևորությունը՝ վերահսկողական մեխանիզմների ներդրմամբ և թափանցիկ գործունեության ապահովմամբ: Մխիթար Հայրապետյանը վստահություն է հայտնել նաև, որ հայաստանյան նոր իրականությունում նկատելի կլինի Սփյուռքի տարբեր հատվածների հանրային մասնակցության աստիճանի բարձրացումը:
Այնուհետև նախարարը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ Արք. Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արք. Տերտերյան հետ:
Սիրիահայերի օգնության հիմնադրամի ղեկավարների հետ զրույցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունն ու Հայաստանում իրականացվող հումանիտար օգնությունը: Նախարարը վստահեցրել է նաև, որ սիրիահայերի խնդիրները Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում են, և հիմնադրամի հետ նոր գործակցության մեկնարկի հույս է հայտնել:
Պոլսահայ միության ղեկավարների հետ հանդիպմանը հոգաբարձուների ատենապետ Էդվին Մինասյանը նշել է. «Մեծ պատիվ է ունենալ անձնական հանդիպում, նորովի հանագործակցության վերաբերյալ իմաստալից քննարկում սփյուռքի եռանդուն ու երիտասարդ նախարարի հետ»:
Ս. Դ. Հնչակյան կուսակցության պատվիրակությունը ևս հանդիպել է Սփյուռքի նախարարի հետ: Մխիթար Հայրապետյանը մեկ անգամ ևս ընեդգծել է, որ նախարարությունը պատրաստ է գործակցելու ամերիկահայ համայքնի բոլոր կազմակերպությունների, կառույցների և գործիչների հետ հանուն Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: