Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված ձեռնարկներ Երևանում. տեսանյութ

Հուլիսի 19-29-ը Հայաստանում նշվելու է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) մեկդարյա հոբելյանը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, 2800-ամյա քաղաքամայր Երևանը կհյուրընկալի շուրջ 3000 հոմենեթմենականների, որից 1200-ը սկաուտ՝ մասնակցելու 11-րդ սկաուտական բանակումին Բյուրականում և բազմաբնույթ միջոցառումների Երևանում ու Գյումրիում:
Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) հիմնադրվել է 1918թ. Կոստանդնուպոլսում: Կազմակերպությունն իր ազգանվեր գործունեությունն իրականացնում է 24 երկրում՝ «Բարձրացի՛ր, բարձրացրու՛» կարգախոսի ներքո:
Հոմենեթմենի շարքերում ներգրավվել են տասնյակ հազարավոր հայորդիներ, որոնք ստանալով ազգային դաստիարակություն՝ նպաստել են Հայաստանի զարգացմանն ու Սփյուռքում հայապահպանությանը: