Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի հերթական դրամական օժանդակությունը Արցախին

Լոս Անջելեսի Ռոզ և Ալեք Փիլիպոս ազգային վարժարանի տնօրեն Ալինե Դուրյանի գլխավորությամբ շուրջ 70 աշակերտներ և ուսուցիչներ հերթական անգամ ժամանել են Արցախ և սպորտի զարգացման ուղղված ծրագրերի իրականացման համար ցուցաբերել դրամական օժանդակություն:

Ստեփանակերտի Անդրանիկ  Օզանյանի  անվան  փողոցում գտնվող  մինի ֆուտբոլի խաղադաշտի տարածքում Ալինե Դուրյանը վարժարանի  աշակերտների  ուժերով  հավաքագրած  գումարները  հանձնել   է ԱՀ  կրթության, գիտության   և սպորտի   նախարարության   աշխատակազմի  ղեկավարի   տեղակալ  Շավարշ  Սարգսյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում  Ալինե Դուրյանն  ասել  է, որ իրենք վարժարանի 11-րդ  դասարանի  աշակերտների  հետ     ամեն  տարի  այցելում  են  Արցախ և Հայաստան, իրականացնում  տարբեր բարեգործական  ծրագրեր:

«Աշակերտների ցանկությամբ և նախաձեռնությամբ այս անգամ մեր դրամահավաքն ուղղված է լինելու Ստեփանակերտի Անդրանիկ  Օզանյանի անվան փողոցի մինի ֆուտբոլի  խաղադաշտի  վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին»,-նշել է վարժարանի  տնօրենը:

Խոսելով Արցախում իրականացվող  այլ ծրագրերի  մասին՝ նա տեղեկացրել է,  որ  իրենք  2016 թվականի ապրիլյան քառօրյա  պատերազմում  զոհված  զինծառայողների ընտանիքներին դրամական  օգնության ձևով ևս օժանդակություն են ցուցաբերում. գործընթացն արդեն սկսվել  է: Զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով  իրենք  Արցախում  և Հայաստանում  այցելում  են նաև  այդ  ընտանիքներ:

«Մեր նվիրատվությունները մենք շատ քիչ ենք համարում, քանի որ մեր զինվորները մեծ զոհողությունների գնով  են հայրենիքի սահմանները անառիկ  պահում»,-հավելել  է    մեր  զրուցակիցը:

Ա. Դուրյանն  ասել  է, որ իրենց  բարեգործական  ծրագրերը  լինելու են շարունակական:

Վարժարանի աշակերտները մեզ հետ  զրույցում անթաքույց հպարտությամբ են  իրենց  մեծ սերն  ու գոհունակությունը հայտնել Արցախի  հերոսական ժողովրդի  մասին. նրանք ամեն  հարցում պատրաստ  են սատարելու  արցախցիներին:

Վարժարանի   աշակերտ  Արա  Յակուբյանն   ասել  է, որ  վարժարանի  աշակերտներն    արդեն  20  տարուց  ավելի  է,  ինչ  ուխտագնացություն  են  իրականացնում  դեպի  Արցախ  և  Հայաստան:

«Մենք  պարտավոր  ենք  հաճախ լինել   ազատ  և անկախ  Արցախում  և  մայր  Հայաստանում: Զոհված   զինծառայողների ընտանիքներին   մեր  այցելություններն  ու օգնությունները մեզ  համար  սուրբ  պարտականություններ  են: Արցախը  սքանչելի երկիր է, բայց այստեղ դեռ   շատ  անելիքներ  կան: Մենք պատրաստ ենք  լծվել նաև  հայրենիքի շենացման աշխատանքներին»,-հավելել  է Ա.  Յակուբյանը:

Իսկ  Մայքլ Մարտիրոսյանի  խոսքով էլ իրենց   այցելություններով   իրենք  ավելի  են  ամրապնդում Հայաստան-Արցախ-Սփյուռք   եռամիասնության   կապը: Նա  ասել  է,  որ ինքն  առաջին  անգամ  է  Արցախում  և   բավականին տպավորված  է  տեսածից:

«Ես ավելի ներշնչված  եմ Արցախը պաշտպանող զինվորներով: Մենք  ևս   պատրաստ  ենք գալ  Արցախ  ծառայել   և   պայքարել    հանուն Արցախի»,-ասել է   վարժարանի  աշակերտը:

Նշենք,  որ   Լոս  Անջելեսի  Ռոզ   և  Ալեք    Փիլիպոս   ազգային  վարժարանը  հիմնվել  է  1970  թվականինայն  ամենօրյա  հայկական   կրթօջախ   է: Վարժարանում  սովորում  են   5-18  տարեկան    780  աշակերտ, որոնց  ուսուցանվում  է   հայոց  լեզու, հայոց   պատմություն, կրոն  և  այլ առարկաներ:

Scroll Up