Հալեպում ՀՀ Գլխավոր Հյուպատոս Արմեն Սարգսյան Լաթաքիայի Նահանգ Այցելեց
Աշխատանքային այցով Լաթաքիայի նահանգում գտնվող Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը ս.թ. մայիսի 13-ին հանդիպել է նահանգի գյուղատնտեսական հարցերի գրասենյակի տնօրեն Մունզիր Խեյրբեկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաթաքիայի նահանգի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու առկա գյուղատնտեսական ներուժի փոխշահավետ օգտագործման հնարավորությունները:
Հանդիպմանը պարոն Խեյրբեկը ներկայացրել է նահանգի գյուղատնտեսական պոտենցիալը, նշելով, որ մի շարք բարեկամ երկրներ արդյունավետ և հեռանկարային փոխգործակցություն են ծավալում Լաթաքիայից գյուղմթերքներ արտահանելու բնագավառում: Մասնավորապես առաջարկվել է աշխատանքներ սկսել մրգերի և պտուղ-բանջարեղենի Հայաստան արտահանման ուղղությամբ, շեշտելով, որ բավական ցածր և մրցունակ գները, էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, ինչպես նաև ծովային ճանապարհով տեղափոխման առավելությունները կարող են սիրիական գյուղմթերքները գրավիչ դարձնել հայաստանյան շուկայի համար:
Անդրադարձ է կատարվել քիմիական պարարտանյութերի ոլորտում հնարավոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Ըստ պարոն Մունզիրի, Լաթաքիայի նահանգը մեծ կարիք ունի գյուղատնտեսական թունաքիմիկատների, ինչը կարող է պարարտ հող նախապատրաստել այս ոլորտում Հայաստանի հետ հետագա քայլերի և անելիքների համադրման համար:
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ձիթապտղի համատեղ արտադրության, սիրիական արտադրության ձիթապտղի ձեթերի Հայաստան արտահանման, ինչպես նաև ձեթ-օճառի համատեղ արտադրության բնագավառներում կապերի հաստատումն ու ընդլայնումը:
Հանդիպման ավարտին քննարկվել են գյուղատնտեսական ապրանքների համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները Հայաստանում սիրիական գյուղմթերքների ցուցահանդես կազմակերպելու ուղղությամբ:
Նույն օրը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Լաթաքիայի զբոսաշրջության հարցերի գրասենյակի տնօրեն Ռամեզ Բերաբհանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Երկուստեք շեշտվել է Լաթաքիայում Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններն ու ներուժը գովազդող ցուցահանդեսի և այս համատեքստում` հայ-սիրիական զբոսաշրջային ներդրումների խորհրդաժողովի անցկացման հույժ կարևորությունը` որպես բացառիկ հնարավորություն երկու երկրների միջև զբոսաշրջության և զբոսաշրջային ներդրումների ոլորտներում նոր տեղաշարժեր արձանագրելու համար:
Աշխատանքային այցի շրջանակներում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է նաև լաթաքիահայ և քեսաբահայ համայնքի ներկայացուցիչների հետ: իրականացվել են հյուպատոսական ընդունելություններ, որոնց ընթացքում հանձնվել են ՀՀ քաղաքացու 113 անձնագրեր, ընդունվել` ՀՀ քաղաքացիության 75 դիմումնագրեր: