Variety. Ցեղասպանության մասին ֆիլմի ռեժիսորը թուրքերին չկարողացավ ստիպել խոսել տեսախցիկի առջեւ

Variety ամերիկյան ամսագիրը ներկայացրել է «Ավերելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Ջո Բերլինգերի հետ հարցազրույցը։

Պարբերականը մեջբերում է Բերլինգերի բառերը, որ Հայոց ցեղասպանության փաստը շարունակվում է ավելի քան 100 տարի վիճարկվել։

Դրա վառ օրինակն է այն, որ Բերլինգերը չի կարողացել թուրք պաշտոնյային համոզել ելույթ ունենալ տեսախցիկի առջեւ, քանի որ Թուրքիայի կառավարությունը չի ընդունում 1915-ի Ցեղասպանությունը։ Թուրքիան նաեւ ճնշում է գործադրում իր առանցքային դաշնակից ԱՄՆ–ի վրա, որի կառավարությունը նույնպես չի ճանաչում Ցեղասպանության փաստը։

«Ես կցանկանայի ասել, որ ես այնքան հեռատես էի, որ վավերագրական ֆիլմի նկարահանումները սկսելիս հասկանում էի, թե որքան արդիական եւ  կարեւոր է այդ թեման այսօր»,– ասում է Բերլինգերը։

Ֆիլմում Հայոց ցեղասպանությունը հյուսվում է ռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստում» ֆիլմում ներկայացված պատմության հետ։ Բերլինգերի խոսքով՝ «Խոստում» ֆիլմը բացասական արձագանքներ էր ստանում համացանցում դեռեւս դրա դուրս գալուց առաջ։

Ռեժիսորը նաեւ ընդգծում է, որ հոլիվուդյան ստուդիաները փորձել էին դեռեւս 1930-ականներին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, սակայն Թուրքիան հասկացնել էր տվել, որ նրանց գործունեությունը կարգելվի, եթե դիմեն այդ քայլին։ Բերլինգերը նշում է, որ ճշմարտության մասին լռելը եւ «գորգի տակ թաքցնելը» իրական նախազգուշացում է, թե ինչի կարող է դա հանգեցնել։

Scroll Up