Սոֆի Մխեյանի ու Արսեն Սաֆարյանի երգերը հնչել են հեռավոր Բրազիլիայում և Արգենտինայում
Հոկտեմբերի 22-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2017թ. ծրագրի շրջանակներում երգիչներ Սոֆի Մխեյանն ու Արսեն Սաֆարյանըհամերգային շրջագայություններ են ունեցել Բրազիլիայի և Արգենտինայի հայկական համայնքներում:
Առաջինը մասնակցությունն էր Բրազիլիայի Օզասկո քաղաքում կայացած ամենամյա Հայկական մշակութային 5-րդ փառատոնին, որին ներկա են եղել շուրջ 500 բրազիլահայեր և այլազգիներ: Այնուհետև մեկնել են Բուենոս Այրես, որտեղ ելույթներն ու հանդիպումներն առավել հագեցած են եղել: 600 հայ և օտար աշակերտների համար համերգ է կազմակերպվել Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող «Սիրանույշ» դահլիճում, ելույթներ են ունեցել Վիսենտե Լոպեսի «Դերձակյան» վարժարանում, Հայ օգնության միության ծերանոցում, «Նաիրի» պարախմբի համերգի ընթացքում և այլն: Համերգներին զուգահեռ՝ Բուենոս Այրեսում երգիչները մի շարք հանդիպումներ են ունեցել համայնքային ներկայացուցիչների հետ, այցելել են համահայկական կառույցներ, ավանդական կուսակցությունների գրասենյակներ և Սուրբ Պատարագի մասնակցել:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Սոֆի Մխեյանը նշեց, որ առաջին անգամ էին այցելում Բրազիլիայի և Արգենտինայի հայկական համայնքներ, համերգները շատ ջերմ մթնոլորտում են անցել, ամենուր հայկական շունչն ու ոգին է թևածել: Նրանց հատկապես հուզել է այն, որ մեր հայրենակիցները, Հայաաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարողացել են պահպանել հայկական ինքնությունն ու ազգային դիմագիծը:
«Համերգային շրջագայություններից մեծ տպավորություններով ենք վերադարձել, կարծում եմ՝ կարողացանք մեր հայրենակիցներին ազգային տոն պարգևել: Բրազիլիայում և Արգենտինայում ապրող հայերը հետաքրքրված են հայկական մշակույթով, ամեն ինչ անում են՝ Հայաստանի հետ կապը չխզելու և իրենց արմատներից չհեռանալու համար: Ամենակարևորը, որ նկատեցինք՝ համայնքերի համախմբվածությունն էր»,-ասաց Սոֆի Մխեյանը՝ հավելելով, որ իրեն հիացրել է հայ երիտասարդների հայրենասիրական ոգին, որոնք ազգային, ժողովրդական կատարումների ժամանակ խանդավառությամբ ձայնակցել են՝ թեժացնելով դահլիճում տիրող բարձր տրամադրությունը:
Սոֆի Մխեյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև համայնքներում առկա խառնամուսնության, ուծացման և լեզվի պահպանման մտահոգիչ խնդիրներին՝ նկատելով, որ օտար միջավայրում այս վտանգից զերծ պահելու համար գործուն քայլեր են կատարում հատկապես երիտասարդների ծնողները:
«Մեզ համար շատ կարևոր էր Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հետ հանդիպումը, նա մեզ բազմակողմանի աջակցության ցուցաբերեց, որի համար անչափ շնորհակալ ենք: Նրա հետ շփման արդյունքում հասկացանք, որ ոչ միայն բարեխղճորեն հետամուտ է իր հոգևոր առաքելությանն ու համայնքը եկեղեցու շուրջ համախմբելուն, այլև ակտիվորեն ազգանպաստ աշխատանքներ է իրականացնում: Ուրախ ենք, որ ճանաչեցինք Հայր Սուրբին»,- նշեց երգչուհին:
Զրույցի վերջում Սոֆի Մխեյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ իր և Արսեն Սաֆարյանի համերգային շրջագայությունը կազմակեպելու համար՝ ընդգծելով, որ այսպիսի նախաձեռնությունները ևս նպաստում են Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը:
Գևորգ Չիչյան