Ամերիկահայ իրավաբանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Գլենդելի իրավաբանական խմբի հիմնադիր անդամ, «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախագահ, իրավագիտության դոկտոր Հարություն Հարությունյանին:

Ողջունելով հյուրին՝ սփյուռքի նախարարը կարևորեց կազմակերպության ակտիվ, ազգանպաստ գործունեությունը, նշեց, որ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարած բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրին:

Հարություն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց բարձր գնահատանքի համար և ներկայացրեց իր գլխավորած՝ «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նպատակներն ու ծրագրերը: Նա նշեց, որ Հայ երիտասարդ մասնագետների կողմից ստեղծված անկախ կազմակերպությունը նպատակ ունի բարձրաձայնել հայ երիտասարդին հուզող խնդիրները՝ դրանց դրական լուծումներ տալու նպատակով: «Շուրջ 10 տարի կազմակերպությունը պայքարում է Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այլ ազգերի (Դարֆուր, Սուդան) դեմ տեղի ունեցած անարդարությունների ճանաչման համար: Կազմակերպությունում ներգրավված են 500-ից ավելի երիտասարդներ, որոնք իրենց ձայնն են բարձրացնում բազմաթիվ կարևոր խնդիրների արդարացի լուծման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համար», – հավելեց ամերիկահայ իրավաբանը:

Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին կազմակերպության մասնակցության հետ կապված հարցեր:

Scroll Up