Ամերիկահայ ընտանիքը Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի Ավետարանը

«Կծիծաղեք թերևս, բայց պետք է ասեմ` երազում ձայն լսեցի, այս Սուրբ Ավետարանն ինձ ըսավ. «Երթամ ննջեմ զիմ Հայաստան, երթամ ննջեմ զիմ Երևան». Տիկին Հռիփսիմե Դադայան-Բարնակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 15-րդ դարի՝ Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը։

«Մատենադարանում հանգրվանած ու պահպանվող յուրաքանչյուր արժեքավոր ձեռագիր ունի իր պատմությունը, իր անցած ճանապարհը, որն արտացոլում է մեր ազգի պատմությունը»,- a1plus.am-ի փոխանցմամբ՝ ասում է ձեռագրատան գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը։

Ավետարանը 1918-ին Խարբերդի նահանգից Երևան գաղթած Եղսայի մայրիկին պահպանության է հանձնում հիվանդ մի գաղթական, որն ավաղ չի ապաքինվում, և ձեռագիրը մնում է Դադայանների ընտանիքում, որոնք երևանից տեղափոխվում են Ֆրանսիա, այնուհետև Ամերիկա։ Մեկ դար այս սուրբ մասունքը պահել-փայփայել են Դադայան ընտանիքի սերունդները, և այժմ Եղսայի մայրիկի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոշում են կայացրել նվիրաբերել Մատենադարանին։ Իսկ թե ինչու հենց Մատենադարանին, տիկին Հռիփսիմեի խոսքով, հետաքրքրվել է աշխարհի տարբեր թանգարաններով ու հասկացել, որ ամենաապահովը ՀՀ Մատենադարանն է, որ այստեղի մասնագետները գուրգուրանքով կպահպանեն այն։

«Որևէ ձեռագիր, որ մտնում է Մատենադարան, կորցնում է իր դրամային արժեքը, դառնում անգին արժեք,- ասում է տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, և հավելում,- Այս ձեռագիրն էլ, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» անունով, տիկին Հռիփսիմեն դեռևս նվիրաբերելուց առաջ մերժել է գնահատելու փաստաբանի խորհուրդը»։

Ի երախտագիտություն՝ Հռիփսիմե Դադայան-Բարնակյանին ու Հրայր Դադայանին պարգևատրվեցին  «Մատենադարան» հուշամեդալով։

Scroll Up